ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ Երևանում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ. 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է:
2018թ. մարտի 13-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկի ուղղությամբ արձակվել են կրակոցներ: Ձեռնարկված անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ բնակարանի պատշգամբի ապակին վնասվել է Տիգրան Մեծի պողոտայով ընթացող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1983.: Վերջինս ձերբակալվել է: Կասկածյալի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ նա ներկայացրել է «Նագան» տեսակի ատրճանակ, որից, ըստ նախնական տվյալների, արձակվել են կրակոցները։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե