E-draft.am հանրային քննարկման հարթակում հրապարակված՝ «Սեղմված գազով աշխատող ավտոմեքենաների գազաբալոնային սարքավորումների կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծի համաձայն՝ վարորդները պետք է պարտադիր ունենան մեքենայի գազաբալոնի անվտանգության վկայագիր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանը եւ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
«Լիցքավորման կետում վարորդից պետք է այդ վկայագիրը պահանջվի, այլապես մեքենան չի լիցքավորվի: Եթե վարորդը վկայագիր չունենա, տուգանքներ են նախատեսվում»,-հայտնեց Արման Ավետսիսյանը: Սերգեյ Հայրապետյանն էլ, ներկայացնելով վիճակագրությունը, նշեց՝ վերջին տարիներին գազալցակայաններում մեքենաների պայթյունների դեպքերի մեծ մասը հենց գազաբալոնների հետ է կապված: «2012թ-ից մինչեւ օրս մեքենաների հրդեհման 537 դեպք է եղել: Միայն վերջին երկու ամսում 6 դեպք ենք ունեցել: Իսկ 2012թ.-ին, օրինակ, պայթյունի 6 դեպք է գրանցվել»,-նշեց Սերգեյ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ դրական է միայն այն փաստը, որ վերջին տարիներին գազալցակայաններում հրդեհաանվտանգ համակարգեր են տեղադրվել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Armenpress-ի