Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստին ուսումնասիրվեցին զինված խմբի ղեկավար Արթուր Վադանյանի կողմից օգտագործված հեռախոսահամարից կատարված զանգերի գաղտնալսումները:
Դատական նիստն անցավ լարված մթնոլորտում, քանի որ ամբաստանյալները, նրանց պաշտպանները բողոքում էին, որ հրապարակված խոսակցությունները գործի նյութերի հետ կապ չունեն եւ իրենք դրանց ծանոթ չեն:
Մեղադրող դատախազն ասել էր, որ իրավաբանական գիտելիքներ որ ունենային, կհասկանային, թե ինչ կապ ունի դա գործի հետ: Սրանից վիրավորվել էր Արթուր Վարդանյանը: Ավելի ուշ վիրավորանքներ հնչեցին պաշտպանների հասցեին:
Հարություն Սարիբեկյանի պաշտպան Նարինե Ռշտունին դժգոհեց, որ դատախազը ձայնագրությունը ներկայացնելուց առաջ չի ասում՝ դա գործի որ հատորում է, կա, չկա, որ իրենք հետեւեն: Դատախազն էլ պատասխանեց, որ պաշտպանները նիստին պատրաստված պետք է եկած լինեին, որ կարողանային հետեւել. «Ես ներկայացնում եմ, թող բարի լինեին, եթե իհարկե իրենց ունակությունները հերիքում է, 18-րդ հատորում դրա տպված գաղտնալսման տեղեկագրերին հետեւել, եթե չեն կարողանում հետեւել, դա հավատացեք, մեղադրանքի կողմի խնդիրը չի»:
Պաշտպան Նարինե Ռշտունին արձագանքեց՝ հրավիրելով դատավորի ուշադրությունը. «Արդեն վիրավորանքներ են հնչեցվում, ի՞նչ է նշանակում՝ եթե ունակությունները հերիքում են, հազար ներողություն, դուք ի՞մ ունակությունների վրա եք կասկածում»: Նա միջնորդեց, որ մեղադրող կողմի՝ դատարանին ներկայացրած բոլոր ձայնագրությունները իրենց տրամադրեն, որ նախապես ուսումնասիրեն:
Հետո մեղադրող դատախազը տեղից սկսեց վիճել այլ պաշտպանների, մասնավորապես՝ Հովիկ Արսենյանի հետ՝ նրան ասելով՝ «դո՞ւ պիտի ասես»: Արսենյանը ոտքի կանգնեց ու դատական նիստն արդեն վերածվում էր տղայական կռվի: Դատախազն ասաց, որ իրավաբանական գիտելիքներ չունենալը կամ նիստին պատրաստված չգալը վիրավորանք չէ: Մյուս փաստաբանները արձագանքեցին՝ «Դո՞ւք եք որոշում՝ մենք պատրաստված ենք եկել նիստին, թե՞ ոչ»:
Ամբաստանյալ ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանն էլ դժգոհեց, որ շինծու գործ է, ձայնագրություններն էլ կապ չունեն իրենց հետ. «Լավ, կարելի է ինչ-որ բան ներկայացնել, որ մոտիկ լինի մեղադրանքի հետ: Լավ ինչքա՞ն կարելի է սենց սարքած գործերով դուք զբաղեք: Իշխանափոխություն, որեւիցե նման բան լսվո՞ւմ է էդ դիսկերի մեջ, որ ոգեւորված ասում եք ու բոլորին վիրավորում եք աջուձախ: Ես ուզում եմ հասկանամ: Մինչեւ դիսկը լսելը ասում ա՝ հեսա տեսեք մեջը ի՞նչ կա: Ի՞նչ կա, նայում ենք՝ բան չկա, իզուր ստեղ պահում եք սաղիս»:
Արթուր Վարդանյանն ասաց. «Եթե դա է իրենց իրական ապացույցները՝ հարց չկա: Բայց ես կներկայացնեմ ապացույցներ, երբ որ ինքը կվերջացնի: Միեւնույն է, ինչը որ իրականում կա, ախպեր, չի կարողանալու պահի, պայթելու ա»:
Դատավորը զինված խմբի ղեկավարից պայթել բառը լսելուն պես անհանգստացած հարցրեց՝ ի՞նչը: Արթուր Վարդանյանը պատասխանեց. «Ճշմարտությունը, էդքան բան, վերջացա՛վ»:
Վարդանյանը դատավորին դժգոհեց, որ իրենց նկատմամբ սանկցիա է կիրառում, իսկ երբ մեղադրող դատախազն է վիրավորում փաստաբաններին՝ նրան կարգի չի հրավիրում. «Ես, օրինակի համար, կարայի վերցնեի ու շատ կոպիտ ձեւով իրան վիրավորեի: Պռոստո հարմար առիթ չեղավ»:
Դատավորն ասաց, որ փաստաբաններին ուղղված վիրավորանքներ եթե լինեն, կանդրադառնա:
Դատական նիստը կշարունակվի մարտի 23-ին: Մինչ այդ պաշտպանները կծանոթանան գաղտնալսումներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ