Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված Նորքի զինված խմբի գործով դատական նիստը, որն անցավ բավականին թեժ մթնոլորտում:
Ուսումնասիրվեցին Արթուր Վադանյանի կողմից օգտագործված հեռախոսահամարից կատարված զանգերի գաղտնալսումները: Այն, ինչ լսվեց դատական նիստին, հունից հանեց ամբաստանյալներին եւ պաշտպաններին: Նրանք բորբոքվեցին, թե ի՞նչ կապ ունի խոսակցությունը մեղադրանքի, առավել եւս՝ իշխանափոխության հետ: Մեղադրող դատախազն ասաց, որ դրանց սղագրությունները գործում չկան, բայց իրենք հետո կհիմնավորեն, թե ինչ կապ ունեն դրանք գործի հետ:
Հակոբ Հակոբյանի հեռախոսահամարի հետ ունեցած խոսակցության գաղտնալսումները հարապարկվեցին: Արթուր Վարդանյանն ասում էր. «Նորություն ունե՞ս»: Հակոբյանն էլ պատասխանում էր՝ «Չէ, ավտոս խարաբ է, ջիգյարդ ուտեմ, բան եղավ՝ կզանգեմ»: Նույն անձի հետ մի քանի նման անորոշ խոսակցություններ հրապարակվեցին: Զրույցներից մեկում խոսում են ինչ-որ ապրանքի մասին, որը գալիս է Երեւան: Հակոբյանի հետ մեկ այլ զրույցի ժամանակ էլ վերջինս Արթուր Վարդանյանին հորդորում էր չոր լինել. «Դու քու ուզած ձեւով կերթաս ու կենես, կեղնի՝ կեղնի»: Արթուրն էլ ասում էր՝ «Եթե իմ ուզածը տվեց, տվեց, չտվեց, ուրեմն հաջողություն իրան…Դուխդ չգցես, հիմա գա՝ կթռնեմ դեմքին, դու արխային, ուստ»:
Արթուր Վարդանյանի՝ Խաչիկ Ավետիսյանի հետ ունեցած զրույցն էլ հրապարակվեց, նրանից Յուրայի հեռախոսահամարն էր ուզում:
Արթուր Վարդանյանը բողոքեց, որ գործում չի գտնում այն, ինչ լսվում է դատարանում: Մեղադրող դատախազն էլ ասաց, որ իրավաբանական գիտելիքներ չունեն, դրա համար էլ չեն հասկանում, թե ինչ կապ ունի դա գործի հետ: Սա հունից հանեց Արթուր Վարդանյանին, նա սկսեց գոռգոռալ, ձեռքերով ուժգին հարվածել սեղաններին:
Դատական կարգադրիչները փորձեցին նստեցնել Վարդանյանին, դատավորը նույնպես ձայնը բարձրացրեց՝ սաստելով Արթուր Վարդանյանին. «Հլը հանգի՛ստ մի հատ, նստի՛ մի հատ, դու ամեն նիստին ինչ-որ շոու ես սարքում»: Վարդանյանը բորբոքված գոռում էր եւ հեգնում դատախազին, թե «ի՞նչ իրավաբանական գիտելիքներ, իբր իրա գիտելիքներն իրանից առաջ են վազում…Դրել ասում ա՝ էսինչ գյուղից մարդ պետք ա խփեին, դու հիմա դնես քարտեզը, ասես էդ գյուղի տեղը՝ ես չգիտեմ: Մարդն ասում ա՝ մայիսին Արթուրն եկել ա Հայաստանի հանրապետություն, ես ասում եմ՝ ես մայիսին, հունիսին չեմ եղել ՀՀ-ում, բայց կարեւոր չի դա, ոչ մի բան կարեւոր չի: Կարող ա ինձ մեղադրում են, որ Քենեդուն ես եմ սպանել, հետո նստեմ սպասեմ, քանի տարի պետք ա նստեմ, մինչեւ Քենեդին գա վկայություն տա, որ ես իրան չե՞մ կրակել, այ քեզի բան»:
Դատավորը պատասխանեց՝ «Որ կասի Քենեդու մասին, էն վախտ կխոսաս»:
Վարդանյանը շարունակում էր կռվել՝ գործի հատորի վրա հարվածելով՝ «Ախպեր, էդ դիսկը, որ լսում ենք, ո՞ւր ա, բերեք դրեք, տենամ, ես էլ կարդամ: Դու ասում ես զապիս ես արել, ո՞ւր ա գործում»:
Մեղադրող դատախազն ասաց, որ ուսումնասիրում են լազերային սկավառակի վրա քրգործի համար նշանակություն ունեցող ֆայլերը:
Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանին եւ զինված խմբի անդամներին մեղադրանք էր առաջադրվել հանցավոր խումբ ստեղծելու, ղեկավարելու մեջ, որոնք հետագայում մտադիր էին պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ ահաբեկչական գործողությունների միջոցով իշխանափոխություն անել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ