«Իմ խոսքն ուղղված չէ Սերժ Սարգսյանի գործին, այլ ժողովրդին եւ միջազգային հանրությանը: Անիմաստ կլիներ, եթե ես հանդես գայի պաշտպանական խոսքով: Ուղղակի առիթն օգտագործեմ ու խոսեմ այն մասին, թե ինչու ենք մենք այստեղ: Դատավարության անվան տակ իրականացվող այս գործընթացը հաշվեհարդար է: Ականատես եղանք բեմականացում հիշեցնող միջոցառման, որտեղ հնչած մեղադրական կողմի դատարկաբանությունը հեքիաթ է»,-«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստում այսպիսի բովանդակությամբ պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքը փաստաբան Արայիկ Պապիկյանն էր ընթերցում:
Սեֆիլյանն իր հայտարարության մեջ մասնավորապես շետել է. «Իրականում բացահայտ քաղաքական հալածանք եւ բռնություն է տեղի ունենում, պատվիրողը եւ կատարածուն էլ դատավորն ու դատախազներն են: Իմ պաշտպանները բազմիցս հմտորեն դիմակազերծեցին այս «վայ-արդարադատությունը»:
Սեֆիլյանը հիշեցրել է, որ 2016 թ. իրեն սպառնացել են. «Քննիչն ասաց՝ եթե չդադարեցնեք ձեր քաղաքական գործունեությունը, կհայտնվեք ճաղերի ետեւում»:
Հետո ազատամարտիկն իր խոսքում նշել է, որ իրեն ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիք էլ են տվել ու այդ մասին նա առաջին անգամ է բարձրաձայնում:
Սեֆիլյանի խոսքում ասվում է. «Ինձ փոխանցել են սպառնալիքը՝ «դադարեցրու քաղաքական գործունեությունդ, եթե ոչ, ռուսները որոշել են սպանել քեզ»: Ես պատասխանել եմ զեկուցեք ձեր ղեկավարությանը, որ մենք մեր հողում ենք, Հայաստանն էլ տեր ունի»: Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ սպառնալիքը փոխանցող միջնորդը եղել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Սեֆիլյանի խոսքով՝ սպառնալիքի հստակ աղբյուրը ճշտել հնարավոր չէ, բայց ակունքը կրեմլյան համակարգն է. «Այդ սպառնալիքը ես ստացել եմ ռուս հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից մեկ-երկու օր անց»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Սուտ, կեղծիք եւ զրպարտություն է». Հայկ Նահապետյանն արձագանքում է Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքներին
https://www.iravunk.com/news/52791