Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացիական անհնազանդություններով ժողովուրդն իր կամքը պիտի արտահայտի. Ալեք Ենիգոմշյան. «Հրապարակ»

Մարտ 17,2018 12:23

Ժիրայր Սեֆիլյանի կոչից հետո ձեւավորված «Հանուն Հայաստան պետության ճակատի» բանակցություններն ընդդիմադիր ուժերի հետ դեռ ընթացքի մեջ է, ճակատից չեն բացառում, որ ընդդիմության լայն ճակատով կպայքարեն հանուն իշխանափոխության։ Ներկայացնում ենք ճակատի առանցքային դերակատարներից մեկի՝ Ալեք Ենիգոմշյանի հետ հարցազրույցից հատված:

Պարոն Ենիգոմշյան, ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերի հետ բանակցություններ եք վարում, ի՞նչ է հուշում բանակցությունների ընթացքը, կլինի՞ կոնսենսուս, կձեւավորվի՞ միասնական ճակատ։

-Չեմ կարող կանխատեսել, թե ինչ արդյունք կտան այդ բանակցությունները, ժամանակը ցույց կտա։ Ես ուզում եմ նշել նաեւ, որ, քաղաքական ուժերից բացի, մենք հանդիպումներ ենք ունենում նաեւ քաղաքացիական շերտերի հետ։ Նպատակը համաձայնության գալն ու ուժերի լարումն է, քանի որ առջեւում ապրիլ ամիսն է, իշխանության հավերժացման փորձը պետք է թույլ չտալ։ «Վերարտադրություն» բառն այստեղ անիմաստ է, որովհետեւ միշտ էլ իրենց վերարտադրել են, հիմա հավերժացման փորձ է արվելու, ուստի ե՛ւ քաղաքական, ե՛ւ քաղաքացիական ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ի չիք դառնա իշխանության այդ ցանկությունը։ Մենք հավատում ենք, որ ապրիլ ամսվա ընթացքում հնարավոր է լինելու կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը։ Բայց անգամ եթե հնարավոր չլինի, չի նշանակում, որ մենք հանձնվելու ենք։ Կարեւորն այն է, որ այս ընթացքում ձեւավորվի քաղաքական եւ քաղաքացիական ընդհանուր հարթակ, եւ պայքարը շարունակվի առաջիկա ամիսներին։ Մենք լրջորեն ենք տրամադրված այս հարցին եւ պատրաստ ենք տեւական պայքար մղել։

Տեսակետ կա, որ «Հանուն Հայաստան պետության ճակատը» մտադիր է շարունակել «Սասնա ծռերի» սկսած պայքարը, ինչն էլ որոշ ընդդիմադիր ուժերի հետ է պահում համագործակցությունից։

-Մենք պայքարը տեսնում ենք ժողովրդի կամքի արտահայտությամբ։ Ժողովրդի կամքի արտահայտությունը, ավանդաբար, պետք է արտահայտվի ընտրությունների միջոցով, սակայն Հայաստանում չարժե անգամ խոսել այդ մասին, որովհետեւ վաղուց վերացել է այդ միջոցով կամարտահայտությունը դրսեւորելու հնարավորությունը, այդ նախընտրելի, քաղաքակիրթ ճանապարհը։ Սակայն եթե այդ ճանապարհն իշխանությունների բռնի միջոցներով վերացվում է, դեռ չի նշանակում, որ ժողովրդի կամարտահայտում չպետք է լինի։ Ժողովրդի կամարտահայտությունն արդեն պետք է լինի փողոցում, բայց՝ բացառապես խաղաղ միջոցներով։ Ես վստահ եմ՝ երբ հրապարակում լինի գիտակից ժողովրդի բավարար քանակ, ուրեմն առանց բռնությունների, խաղաղ միջոցներով խնդիրը կլուծվի։ Եվ ոչ մեկը չի կարող բարոյական եւ իրավական ուժ ունենալ ժողովրդի կամարտահայտության դեմ, կարեւորը՝ ժողովուրդը դուրս գա պայքարի, հանրահավաքներով եւ քաղաքացիական այլ անհնազանդություններով, ընդվզման տարբեր դրսեւորումներով իր կամքն արտահայտի եւ իրականացնի։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031