Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված Նորքի զինված խմբի գործով դատական նիստը:
Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց վերադարձնել Արթուր Վարդանյանից առգրավված դրամական միջոցները՝ 13 հազար դոլար, 3500 եվրո եւ 750 հազար դրամ: Նրա խոսքով՝ այդ գումարն իրեղեն ապացույց չէ, նախաքննության մարմնի կողմից առգրավվել է: Դատավորը պատասխանեց, որ եթե ուզենան էլ վերադարձնել՝ չեն կարող, այդ գումարը դատարանում չէ, իրենց մոտ չէ: Իսկ մեղադրող դատախազն առարկեց գումարը վերադարձնելու դեմ՝ ասելով, որ այդ գումարով զենք են գնել, ցուցմունքները դեռ հետազոտված չեն, բացի այդ, դատական ծախսերի հարց կարող է լինել:
Փաստաբանն ասաց, որ Արթուր Վարդանյանն ունի ընտանիք, երեք երեխա, տարիներ նստած է մեկուսարանում ու այդ գումարն անհրաժեշտ է: Նախաքննությունն ավարտվել է, եթե չեն վերադարձնում՝ մերժեք միջնորդությունը, անհրաժեշտ է դատական ակտ:
Դատավորն ասաց, որ այդ միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ