ՍԴ նախկին նախագահ, ներկայումս բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Հարությունյանը, որը նշում է իր 70-ամյակը, այդ առիթով ԳԱԱ միջոցառումից հետո խոսելով լրագրողների հետ, արել է անակնկալ և նույնիսկ սենսացիոն հայտարարություններ: Հարությունյանը կիսաբաց է արել իշխանության «արխիվը»՝ ասելով, որ Հոկտեմբերի 27-ից Մարտի 1-ի արանքում իշխանությունը մեկ անգամ էլ է եղել կրիտիկական իրավիճակում և հանրության հանդեպ զենք կիրառելու շեմին, և զոհերից հաջողվել է խուսափել միայն իր կամքի և ինչ-որ մեկի շնորհիվ, որը «շինելի» գրպանից հանել է Սահմանադրությունը և մատնացույց արել լուծումները: Հարությունյանի խոսքերով՝ դա եղել է կրիտիկական գիշեր, երբ իշխանությունը հավաքվել է թեժ քննարկումների, թե ինչպես հանգուցալուծել իրավիճակը, շատերն արդեն վերցրել են զենքը կիրառելու համար, սակայն ինքը հայտարարել է, որ եթե լինելու է զոհ, ապա առաջին զոհը կլինի հենց ինքը: Հետո, ինչ-որ մեկը «շինելի» գրպանից հանել է Սահմանադրությունն ու գտել են առանց զոհերի հանգուցալուծման ելքը:
Բանն այն է, որ Հարությունյանը բացում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության արխիվը, և առավել ուշագրավ է, որ դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը արձագանքել էր իրենց հարցաքննելու վերաբերյալ գլխավոր դատախազությանը Նիկոլ Փաշինյանի միջնորդությանը: Քոչարյանի պատասխանը, խոշոր հաշվով, առերևույթ ուղղված լինելով Փաշինյանին, տողատակում պարունակում էր նրա քայլերի հետևում Սերժ Սարգսյանի մասին ակնարկներ, մասնավորապես Մարտի 1-ի թեմայով ԱԺ լսումների և ԱԺ նախագահի աթոռին Փաշինյանի նստած լինելու մասով: Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանը պատասխանում է Գագիկ Հարությունյանի միջոցով՝ նրան հիշեցնելով իրադարձություններ, որոնք կարող են ունենալ բավականին տհաճ նստվածք: Հարությունյանը հազիվ թե միամիտ լինի այնքան, չպատկերացնելու համար այն ռեզոնանսը և հնարավոր սլաքները, որ առաջանալու են իր հայտարարություններից հետո: Դժվար է հավատալ, որ այդ ամենը չպատկերացնող մարդուն կարող էին երկու տասնամյակից ավելի վստահել կարևորագույն կնիքներից և ստորագրություններից մեկը: Այստեղ իհարկե առավել հետաքրքիր է այն, թե արդյո՞ք ներկայիս այս փոխադարձ ակնարկները պայմանավորված են զուտ Մարտի 1-ի հետ կապված ապահովագրումներով, թե՞ սեղանին դրված է համակարգային առավել խոր խնդիր, և այդ իսկ պատճառով խաղադրույքները նվազելու փոխարեն, համենայնդեպս, առայժմ դրսևորում են աճման միտումներ, քանի որ Մարտի 1-ն այդ առումով, փաստորեն, «քիչ եկավ» հարաբերությունները պարզելու կոնտեքստում, և այժմ բացվում են պատմության նոր էջեր:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում