Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդական» մեր օրերում չի նշանակում ժողովրդի գնահատմամբ

Մարտ 17,2018 11:00

Խորհրդարանը քննարկեց «Պետական պարգևների և կոչումների մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի՝ այսուհետ մեդալներն ու շքանշանները պետք է շնորհվեն ոչ թե ՀՀ նախագահի հրամանագրով, ինչպես նախկինում, այլ նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով, այսինքն՝ նախագահին միջնորդություն անելու իրավունք ունեն միայն ԱԺ պատգամավորը, ՍԴ նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի անդամը եւ վարչապետը: Մյուս մարմինները առաջարկով դիմելու են վարչապետին: Բաց է մնացել «Ազգային հերոս»-ի կոչում շնորհելը, պարգեւատրմա՞ն, թե՞ հենց կոչումների շնորհման դաշտում պետք է դիտել.
թեև՝ «Կոչումով պարգեւատրում Սահմանադրությունն այլեւս թույլ չի տալիս»:
Այդ պատճառով նախատեսվել է «Ազգային հերոս»-ը փոխարինել «Հայրենիքի շքանշանով», այսինքն՝ «Հայրենիքի շքանշան» ստացողը համարվում է ազգային հերոս: Այնուամենայնիվ, այս հարցը դեռ կքննարկենք:

Եթե «դեռ քննարկվում է», մենք էլ քննարկենք:
Տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում, տարբեր համակարգերում, տարբեր կերպ են գնահատել մարդու գործունեությունը, հիմնականում աշխատանք և վարձատրություն սկզբունքով, արդար, թե անարդար, այլ խնդիր է: Այլ մոտեցումների և գնահատանքի խնդիր է առաջ գալիս. «սովորականից» դուրս` «բացառիկ» գործունեության պարագայում, որն էլ ակամա «պահանջում է» «բացառիկ» գնահատական: Դարձյալ այլ խնդիր համարենք արդար-անարդար լինելու հանգամանքը, դիտարկենք՝ ինչ կերպ պետք է գնահատվի բացառիկ աշխատանքը և որ ամենակարևորն է բոլոր հարցերի մեջ, ո՞վ պետք է գնահատի բացառիկությունը աշխատանքի և գնահատանքի մեջ: «Ո՞վ է դատավորը»,-ինչպես ասվում է մարդկային ամենահին խոսքերից մեկում: Իհարկե, «հին աշխարհի» ավանդույթներից եկող – գնահատողները «տերերն են», թագավորները, զորահրամանատարները, ոլորտների ղեկավարները, նրանք, ովքեր վերից են նայում երևույթներին և ինչպես իրենցից շատերն են, դարձյալ ամենահին խոսքերից մեկով արտահայտվում՝ «վերևից լավ է երևում»: Գուցեև այդպես է: Սակայն վատ ուսուցիչների նման այդ գնահատականը դառնում է ոչ թե իրական գնահատանք, այլ կամայական ադմինիստրատիվ ազդեցության ձև, որ միանգամից փոխում է գնահատման և արժեքը, և արժանիքը, և գնահատողին, և գնահատվողին: Ու նորից ծայր է առնում աշխարհի ամենահին խոսակցություններից մեկը. «արժանին` չստացավ, անարժանը` ստացավ», «ամեն ինչ սուտ է, ոչ մի ճիշտ բան չկա» և այս կարգի, անվերջանալի, երբեք ոչ մեկի կողմից չապացուցվող հավերժական խոսակցություններ: Վերջապես՝ ի՞նչ անել, ինչպե՞ս անել, տա՞լ, թե՞ չտալ, այս է խնդիրը: Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ: (Շեքսպիրին հանգիստ թողնենք):

Բացառիկ գործ անել և բացառիկ գնահատական ստնալ շատերն են ուզում, եթե ոչ բոլորը: Պատմությունը ցույց է տալիս, որ ամենից հստակ այդ համակարգը գործում է ռազմական ոլորտում և հազարամյակներ շարունակ: Նույն պատմությունը, սակայն, ցույց է տալիս, որ երբ ռազմական փորձը փորձում են կիրառել այլ ոլորտներում, դա մոտավորապես նման է այն տարակուսած վիճակին, երբ տանձի ծառից խնձորի պտուղ են ուզում քաղել: «Քաղողը» որքան էլ հիմնավորում է, այդ «անհասկացող» տանձի ծառը իր ուզած խնձորի պտուղը չի տալիս:

Բնականաբար, փորձում են գտնել գնահատման ու պարգևատրման այլ միջոցներ ու ձևեր՝ կոչումներ, տիտղոսներ, դիրքեր, կարգավիճակներ, շքանշաններ, մեդալներ, մրցանակներ, աստիճաններ, գավաթներ, պատմական բացառիկ արժեքներ, չվաճառվող թանկագին նվերներ, պարգևավճարներ, թոշակներ, գործուղումներ, տներ, մեքենաներ, արտոնություններ, դիրքեր, անվանումներ, պալատական, զինվորական, եկեղեցական հիերարխիկ աստիճանակարգեր և ամենաբազմազան անուններ, որոնք բխում են իրենց երկրի ավանդություններից, պատվի իրենց պատկերացումներից, ինչպես Ճապոնիայում, որտեղ Կաբուկի թատրոնի ծրագրում գրվում է արտիստի անունը և միայն իրենց բնորոշ կոչումը` «Մարդ` ազգային հարստություն»: Երկու խոսք էլ ասենք համաշխարհային ճանաչում ստացած գնահատման բարձրագույն, աշխարհի կողմից ընդունելի և շատերի համար երազելի գնահատականից և գանք մեր երկրի գնահատման մեր կյանքի նման անընդհատ փոփոխվող համակարգին: Համաշխարհային նշանակության օրինակից խոսքը մեկը «Օսկարի» մասին է, «մյուսը` «Նոբելյան» մրցանակի, շատ ուրիշների մասին այժմ չենք խոսի:

Այսօրվա դրությամբ ամենաճանաչելի և ամենագնահատելի մրցանակը «Նոբելյան» մրցանակն է, քանզի այն տրվում է իսկապես բացառիկ գործունեություն իրականացրած մարդուն, բացառություն է կազմում Նոբելյան Խաղաղության մրցանակը, որը մեծամասամբ քաղաքական վիճարկումների տեղիք է տալիս: «Նոբելյան» մրցանակը, բացի մեծ պատվից, նվաճողին տալիս է նաև մեծ գումար և այդ մրցանակի պատվական արժեքը ամրագրված է գումարային մեծ արժեքով: Սա, ի տարբերություն խիստ պատվաբեր այլ մրցանակների, որտեղ մեծ պատիվ կա, բայց գումարային լուրջ ամրագրում չկա, «Օսկար», «Գրեմմի», բազմաթիվ կինո, այլ արվեստի և շատ ավելի շատ մարզական պատիվներ ու մրցանակներ, բայց ոչ մեկը «Նոբելյան» չի:

Ինչ վերաբերում է հայ իրականության մեջ տրվող գնահատականներին, այդպես էլ մենք ոչ մի ավանդական գնահատման համակարգ չունենք, նույնիսկ 1700-ամյա եկեղեցու պարագայում, իսկ պետական պատվո կոչումներն ու խորհրդանշանները այնքան կամայական են փոփոխվում, որ ասենք «վաստակավոր» կոչվող կոչումը մի տասը տարի կա, մյուս տասը տարին չկա, հիմա էլ ինչպես տեղեկատվության մեջ է նշվում՝ «Կոչումով պարգեւատրում Սահմանադրությունն այլեւս թույլ չի տալիս», եթե սա էլ հանկարծ հաստատվի, մեր արտիստական աշխարհի այն հսկայական մեծ հատվածը, ովքեր «կյանք են դնում» կոչում ստանալու համար, անիմաստ կհամարեն իրենց և՛ կյանքը, և՛ գործունեությունը: Գաղտնիք չէ, որ շատերը, առանձնապես զինվորականները, հոգևորականներն ու արտիստները չափազանց բարձր են գնահատում կոչման ու շքանշանների առկայությունը, որ դրանց բացակայության պարագայում իրենց «վիրավորված կզգան»՝ «անիմաստ ապրելու» համար: Իսկ «կոմունիստականից» «ժողովրդավարական» դարձած Հայաստանում պատվավոր կոչումների դեռ չամրացած համակարգում հիմա էլ նոր փոփոխություն է սպասվում «Սահմանադրության թույլ չտալու» բացառիկ աստիճանով, և նրանք, ովքեր սրտատրոփ սպասում էին, հիմա կհուսալքվեն, իսկ նրանք, ովքեր ստացել էին, չեն իմանա, թե ինչպես այն օգտագործեն՝ կարելի՞ է, չի՞ կարելի, ոչ ոք ոչինչ դեռ չգիտի, «քննարկվում է»: Ցանկը կցված է, թե ովքեր են քննարկում, էլի միայն «տերերը», առանց ժողովրդի, թեև «ժողովրդավարական» պետություն ենք:
Արդյունքում, օրինակ, ժողովուրդը միշտ վերջում է իմանում «ժողովրդական» կոչում շնորհելու մասին և երբեք չգիտի, թե ով ինչպես է որոշում այդ հարցերը և պատահական չէ, որ նախ նրանք, ովքեր արժանի են, այնքան ուշ են ստանում, որ արդեն ոգևորություն չեն ապրում և, օրինակ, շատ չզարմանաք, եթե ձեզ հայտնենք շատ զարմանալի մի երևույթի մասին, այն, որ Ազգային օպերային թատրոնում ոչ մի «ժողովրդական» արտիստ այսօրվա դրությամբ չկա, Սունդուկյանի անվան Մայր թատրոնում մեկ անձ «ժողովրդականի» կոչում ունի, էլ ուրիշ արտիստ չունենք, ով, երբ, ինչպես է որոշում, հիմա էլ այդ նոր նախագծից չի երևում, որ արժանի մարդը կստանա արժանի գնահատական:

Էլ չենք խոսում այն մասին, որ պատվավոր կոչումները և մեդալները ամրագրված չեն տնտեսապես, իսկ եթե դրանք առկա են, ապա «ծիծաղելի չափերով», այնքան, որ ավելի լավ է այդ «չափերը» չլինեն: Մեզանում միայն նախագահի մրցանակն է ամրագրված նկատելի գումարային չափով և վերջ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանիկ says:

    Առհասարակ պետք է հանել կոչումները և դրա փոխարեն տալ պարգևավճար կամ թոշակի պես բան, թե չէ հիմա ում ասս տալիս են, արժեզրկվել է, իսկ օրինակ թատրոններում, գեղարվստական ղեկավարի հայեցողությունից է կախված դա, իսկ գեղ. ղեկավարները հաճախ տալիս են նրան, ով ավելի շատ է իրեն քծնում կամ վախեցնում: Միանշանակ ՀԱՆԵԼ, դրա փոխարեն թող մեդալներ տրվի կամ գումար, թե չէ կոչումների պատճառով արյունահեղություններ են լինում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031