Անցած տարվա հունվարի 1-ից գործում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը: Այս 14 ամսվա ընթացքում հիմնադրամը հավաքագրած միջոցներից կատարել է 39 հատուցում` 425 մլն դրամի չափով, որից 360 մլն-ը միանվագ հատուցումներն են, մնացածն` ամսական վճարները: Հիմնադրամը զոհված զինվորի ընտանիքներին եւ վիրավոր զինվորներին միանվագ փոխհատուցումներից բացի` 2 մլրդ դրամի պարտավորություն է վերցրել` 20 տարվա ամսավճարների հատուցման վերաբերյալ:
Ներկայացնում ենք հիմնադրամի գործադիր տնօրեն, ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանի հետ հարցազրույցից հատված:
– Չեն դադարում քննադատություններն առ այն, որ այդ խնդիրները կարելի էր իրականացնել Հայաստանի բյուջեի համապատասխան հատկացումներով, նաեւ հասցեական պետական տուրքի հավաքագրման գաղափար իրականացնելով, առանց հիմնադրամ ստեղծելու…
– Տեսեք` ամենակարեւոր արգումենտներից մեկն ինչ է`որ սա պետք է լինի հարկային մուտքերից առանձնացված հավաքագրում, հիմնադրամում կուտակվի, կարողանանք պրոֆեսիոնալ կառավարում իրականացնել եւ դրանից առավելագույն եկամտաբերություն ապահովելով`ավելացնել ու մեծացնել հիմնադրամի միջոցները: Այդ անում ենք`համագործակցելով մասնավոր կառույցների, օրինակ` առևտրային բանկերի հետ, ինչը պետական կառուցվածքում հազիվ թե հնարավոր լիներ:
– Իսկ ինչո՞վ են մոտիվացվում անվճար աշխատողները…
– Գաղափարո՛վ: Որ իրենք զինվորի կողքին են կանգնած: Երկրի սահմանը պաշտպանողի շարժառիթն էլ գաղափարն է, չէ՞: Այսպես մտածող մարդիկ շատ են, հավատացեք: Մենք շատ ավելի պակաս բան ենք անում սահմանին կանգնած զինվորի արածից: Մենք 14 ամսվա ընթացքում 39 հատուցում ենք արել, գրեթե բոլորին այցելել ենք, բոլոր մարզերում, նաեւ Արցախի Հանրապետությունում: Տեսել ենք, որ մարդիկ զգում են, որ հասարակությունը, պետությունն իրենց կողքին կանգնած են. սա է գերագույն երախտիքը, երբ զգում ես, որ զինվորն ու իր ընտանիքն իրեն պաշտպանված են զգում: Այսօր ժամը չորսին ունենք հիմնադրամի խորհրդի նիստ (հարցազրույցը տեղի է ունեցել մարտի 14-ին-Մ.Խ.), ու պաշտպանության նախարարության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում` եւս վեց հատուցման որոշում ենք այսօր ընդունելու: Ի դեպ`մենք եռօրյա ժամկետում արձագանքում ենք փաստաթղթերով ամրապնդված հայտերին, օրենքով է այդ կարգը սահմանված, հատուցումների վերաբերյալ բոլոր որոշումները հրապարակված են մեր կայքում: Որոշման կայացման օրը անվճար սպասարկող մեր երեք գործընկեր բանկերը («Կոնվերս», «Հայբիզնեսբանկ», «Արցախ» բանկերը), նայած որն է ըստ բնակավայրի մոտիկ գտնվում հատուցման հասցեատիրոջը, հասցեատիրոջ համար բացած հաշվեհամարներով փոխանցումներ են անում:
Առաջին կարգի հաշմանդամներին եւ զոհված զինծառայողների ընտանիքներին մենք միանվագ փոխանցում ենք 10 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամներին` 5 միլիոն դրամ, ինչպես նաեւ փոխանցում ենք առաջին ամսվա ամսական վճարը, որն առաջին կարգի հաշմանդամի եւ զոհված զինծառայողի համար տատանվում է 200-300 հազար դրամի սահմաններում, եթե երեք եւ ավելի երեխաներ ունի` լրացուցիչ 100 հազար դրամ, երկրորդ կարգի հաշմանդամի պարագայում այդ գումարը 100-200 հազարի սահմաններում է: Եւ դրանից հետո այդ մարդիկ քսան տարի ամեն ամիս այդ ամսական գումարը ստանալու են: Զոհված զինծառայողի ընտանիքի համաձայնությամբ գումարը կարող է բաժանվել մի քանի հաշվեհամարների, կամ մեկ հաշվեհամարի` իրենց ներքին համաձայնության խնդիրն է: Եթե մարդիկ չեն կարող այցելել բանկ, ապա բանկն է մարդկանց այցելում-գումարները տալիս: Այս պահին մենք արդեն արել ենք 425 մլն դրամի հատուցում, որից 360 մլն միանվագ հատուցումներն են, մնացածն` ամսական վճարները: Բայց նաեւ մենք ունենք 2 մլրդ դրամի պարտավորություն` քսան տարվա ամսավճարների համար:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում