Ինչ լավ է, որ վկաներ կան: ԽՍՀՄ Կոմերիտմիության վերջին համագումարն էր: Եվ ես, որպես «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր, հրավիրված էի համագումարին: Այն տարիներին «Գարուն» ամսագիրը երկու տիրոջ ծառա էր` Կոմերիտմիության Կենտկոմի եւ Հայաստանի Գրողների միության:
Մոսկվայում անձրեւ էր գալիս, եւ ես, սովորույթիս համաձայն, ակամա ուշացա հասնել համագումարի դահլիճ: Եվ քանի որ ուշացել էի` աղետալի արագությամբ փորձեցի մտնել ներս: Այնինչ նախադահլիճում գեղեցկուհի ռուս աղջիկներ էին նստած, որոնցից մեկը ինձ հարցրեց.
– Минуточку, товарищ, вы член пленума?
Եվ ես, որպեսզի ուշացումս փրկեմ, կատակով ասացի.
– Нет, дорогая, я плен членума.
Մի պահ լռություն տիրեց: Հետո բոլորը սկսեցին հռհռալ ու ինձ տարան ցույց տվեցին իմ տեղը, որտեղ ես պիտի նստեի: Մեր ղեկավար Հրանուշ Հակոբյանը զայրացած էր, որ ես ուշ մտա, չնայած նիստը դեռ չէր սկսվել, եւ դահլիճում կիսախավար էր: Ներողություն խնդրելով՝ նստեցի, եւ անմիջապես էլ նկատեցի, որ առաջին շարքում նստած է Պոլիտբյուրոն` Գորբաչովի գլխավորությամբ, իսկ մենք երկրորդ շարքում էինք: Եվ ես` ուշացածս, հանկարծ հասկացա, որ իմ դիմաց Գորբաչովն է նստած, եւ մտածեցի, որ եկել է պահը, որ կարող եմ նրա հետ խոսել: Երբ բարձրացա տեղիցս, որ գնամ, Հրանուշ Հակոբյանը համոզեց, որ չգնամ: Բայց ես համառորեն գնացի: Գնացի` բոլորին բարեւելով եւ հասա Գորբաչովին: Ասացի`Здравствуйте, Михаил Сергеевич, я из Армении, եւ մեկնեցի ձեռքս բարեւելու: Ու զարմանալի բան` Գորբաչովը մի տեսակ ծերացավ նստած տեղում եւ երկար ժամանակ իմ մեկնած ձեռքը չէր վերցնում: Հետո կարծես թե հասկացավ, որ ես անվնաս մարդ եմ ու, ոտքի կանգնելով, սեղմեց ձեռքս: Եվ ես անմիջապես էլ հասկացա, որ սխալ եմ թույլ տվել, քանզի երկրի նախագահին մոտենալուց առաջ նախագահը պիտի իմանար այդ մասին: Եվ ես իմ սխալից շփոթվելով` ձեռքս դրեցի Գորբաչովի ուսին եւ ասացի` садитесь Михаил Сергеевич, եւ զարմանալին այն էր, որ նա հնազանդորեն նստեց: Եվ ես իմ գրպանից հանելով «Գարուն» ամսագրի անունով գրիչը` ուզեցի նվիրեմ նրան, բայց նա երկար ժամանակ գրիչը չէր վերցնում: Եվ ես հասկացա, որ դարձյալ սխալ եմ թույլ տվել, երեւի նրան թվում էր, թե գրիչը պայթուցիկ է: Ու ես հասկանալով իմ անհեթեթ վիճակը՝ մի քանի անգամ սեղմեցի գրիչը ու մեկնեցի իրեն: Եվ նա վերցրեց: Ասացի` Միխայիլ Սերգեեւիչ, я дарю вам эту ручку, чтобы вы подписали им самоопределение Нагорного Карабаха: Եվ զարմանալիորեն նա հումորով ինձ պատասխանեց, ասելով` как раз ручки не хватало:
Ու երբ վերադարձա իմ տեղը, իմ ընկերները ասացին` ի՞նչ արեցիր դու, չե՞ս հասկանում, որ քեզ կարող էին գնդակահարել, որովհետեւ բոլոր թիկնապահները զենքերը պատրաստ սպասում էին: Տեր Աստված, ինչ հրաշք էր, որ ծոցիս գրպանից չհանեցի գրիչս, եթե ոչ չիմաստավորված ազգային հերոս էի դառնալու:
Եվ հիմա ես իմ ընտանիքի եւ իմ մտերիմների չկայացած ազգային հերոսն եմ:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ»
16.03.2018
красиво изложено, но сомнаюсь что охранники позволили приблизиться к нему.Все равно красиво!