Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժառանգորդի բացակայությունը կարող է թուլացնել ՀՀԿ վերնախավին

Մարտ 17,2018 15:00

Քաղաքագետ Արմեն Աղայանը` Ազատության հրապարակում սկսված հանրահավաքային պայքարի եւ ներքաղաքական այլ զարգացումների մասին

– «Հանուն Հայաստան պետության» ճակատը Ազատության հրապարակում պայքար է սկսել` թույլ չտալու համար, որ Սերժ Սարգսյանը դառնա ՀՀ հաջորդ վարչապետ: Նաեւ` նպատակ ունեն համաժողովրդական ճնշման ներքո համակարգային փոփոխություններ իրականացնել: Ձեր գնահատականներով՝ ի՞նչ հաջողություն կարող է գրանցել պայքարի այս փուլը:

– Չգիտեմ, թե ինչ արդյունք կարող է գրանցել նման պայքարը այս փուլում։ Բայց դե բոլորովին պարտադիր չէ, որ քաղաքացիները հաջողության երաշխիքներ ունենան, որպեսզի փողոց դուրս գան՝ ավելի բարձրաձայն արտահայտելու իրենց քաղաքական դիրքորոշումները։ Անհույս վիճակներում էլ մարդիկ պետք է հնչեցնեն իրենց ձայնը։
Ինչ վերաբերում է նպատակին, ապա չեմ կարծում, թե այն սահմանափակվում է Սերժ Սարգսյանի վարչապետ չդառնալով։ Չէ՞ որ նա առանց այդ պաշտոնի էլ կարող է պահպանել իր իշխանությունը՝ մնալով երկրում իշխանությունը յուրացրած հանցագործ կառույցի տեր ու նշանակելով նախագահներ, վարչապետեր ու այլ հանցակիցներ։ Թերեւս պայքարի հիմնական նպատակը ընդհանուր միաբեւեռ համակարգի դեմ է, իսկ սոսկ Բ-26֊ի վահանակի փոփոխություն թույլ չտալը դրա խիստ մասնավոր, մեկնարկային ձեւակերպումը կարող է լինել միայն։

Ինչ վերաբերում է պայքարի հաջողության բանաձեւին, ապա դրա նախապայմանը հանրային լայն աջակցություն վայելող այլընտրանքային թիմ ունենալն է։ Այդ ուղղությամբ իմ առաջարկությունը վերջին տարիներին նույնն է՝ անհրաժեշտ է ընտրել այդ թիմը՝ ներառյալ առաջնորդներին ու բոլոր հիմնական գործիչներին։ Ավելի կոնկրետ՝ անհրաժեշտ է կազմակերպել Այլընտրանքային խորհրդարանի ու Ստվերային կառավարության որակյալ ընտրություն՝ հնարավոր ամենալայն հանրային մասնակցությամբ, բոլոր իրական ընդդիմադիր թեւերի թեկնածուների առաջադրմամբ, նրանց միջեւ նախընտրական, գաղափարական բանավեճերով եւ շատ արդար քվեարկությամբ։ Այդպիսի մանդատով ստվերային կառավարությունը նախ կվայելի մի քանի կարգ ավելի մեծ հանրային աջակցություն, քան որեւէ ինքնակոչ նախաձեռնություն, բոլորի կողմից կընկալվի որպես միակ, բավականին ուժեղ եւ որոշակիորեն լեգիտիմ այլընտրանք ապազգային վարչախմբին, ունակ կլինի վերջնագիր ներկայացնել նրան եւ արագ արդյունք արձանագրել։

– Ընդդիմադիր դաշտը կրկին չի կարողանում համախմբվել, անգամ 9 հոգանոց խորհրդարանական «Ելք» խմբակցությունում կարծիքները տարբեր են: Շաբաթ օրն Ազատության հրապարակում կայացած հանրահավաքը, որին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն անվանեցին «կոմունիստական ոճի» եւ «ատելության քարոզ»: Ձեր կարծիքով` ո՞վ եւ ի՞նչ «խաղ» է խաղում:

– Թե՛ նշված, թե՛ այլ քաղաքական խմբակների ու դրանց առանձին գործիչների մասին շատերը շատ բան գիտեն ու կարող են ասել։ Ես նույնպես երբեմն էլ ասում եմ։ Բայց կարիք չկա անընդհատ փորձել պարզել, թե ով ինչ խաղ է խաղում, ով ում գրպանում է, կամ ինչ ականներ կան։ Որոշողը պետք է լինի ժողովուրդը։ Նրան պետք է տալ այդ առիթը։ Ցավոք, Հայաստանում բացակայում են կազմակերպական ժողովրդավարության հաստատություններն ու ավանդույթները։ Պարզ ասած, իրական կուսակցություններ չկան, կուսակցություն ասելով մարդիկ հասկանում են առկա քաղաքական ՍՊԸ-ները ու զզվում են դրանցից։ Զզվելով՝ չեն ուզում ստեղծել կամ անդամակցել իրական քաղաքական կազմակերպությունների։ Այս պայմաններում այլընտրանքային խորհրդարանի ընտրությունը կարող էր լրացնել կազմակերպական ժողովրդավարության ինստիտուտների բացը եւ համախմբել ժողովրդին ապագա ազգային իշխանությունը ընտրելու գաղափարի շուրջ։ Այդ դեպքում հանրային աջակցություն փնտրող գաղափարական խմբակները նույնպես շատ արագ կհամախմբվեին այս ընտրական գործընթացի շուրջ՝ միաժամանակ պահպանելով իրենց առանձին դեմքը։ Այլընտրանքային մարմինների ընտրությամբ նրանց միջեւ մրցակցությունը կավարտվեր, համախմբումը կկայանար հանրային քվեի հիման վրա, եւ կսկսվեր գործակցությունը հանուն առկա ապազգային համակարգի տապալման եւ ազգային պետականության վերականգնման։

– Իշխանության համար կարծես իդեալական իրավիճակ է`որոշումներ կայացնելու իրավունքն իրենց ձեռքում է, սակավաթիվ ընդդիմադիրներն էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Ի՞նչը պետք է խանգարի ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին կյանքի կոչելու իրենց ծրագրերը:

– Այս պահին գուցե ոչինչ չի խանգարում։ Անգամ ամենաբազմամարդ ցույցերը, որոնք կունենան միայն «ընդդեմ» նպատակներ, որքան էլ որ անունը «հանուն» լինի, առանց իրական, ընտրված քաղաքական այլընտրանքի ոչինչ են։ Սակայն կա երկու հանգամանք։ Մեկը դաժան իրականությունն է՝ արտագաղթը, արտաքին պարտքը, պատերազմի աճող սպառնալիքը, այլ մարտահրավերներ, որոնք ամեն օր նոր խնդիրներ են ավելացնում չլուծված պետական խնդիրների ահռելի կույտին։ Մյուսը քաղաքական դաշտի ամայացումն է ու առաջիկա եռամյա պարապությունը, որի պայմաններում մի կողմից՝ նոր գաղափարներ եւ դրանց նոր դրոշակակիրներ կարող են ի հայտ գալ, մյուս կողմից՝ իշխող ճամբարում վերջնական, ավելի սուր եւ բացահայտ փուլ կմտնի Սերժից իշխանությունը ժառանգելու պայքարը։ Այնպես որ, ամեն ինչ կարող է պատահել։ Բայց մեր խնդիրը պատահականությունները կանխատեսելը եւ դրանց վրա հույս դնելը չպետք է լինի, այլ ազգային շարժման ապագա փուլը առաջնորդող քաղաքական կառուցվածքների ձեւավորումը։

– Ի դեպ, թեեւ ՀՀԿ-ականները շարունակում են միաբերան առաջ տանել Սերժ Սարգսյանի` միակն ու անկրկնելին լինելու գաղափարը, սակայն նաեւ վերլուծություններ կան, որ վարչապետի պաշտոնն այլ մարդու կարող է վստահվել: Հավանական համարո՞ւմ եք «դասական» սցենարի փոփոխություն: Ո՞վ կարող է լինել Սերժ Սարգսյանի համար միակ վստահելին վարչապետի պաշտոնում:

– Նման վերլուծություններից մեկի հեղինակն էլ ես էի, բայց մենք փոքրամասնության մեջ մնացինք։ Ես էլ վստահ էի, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է գործադիրի ղեկավար նշանակել մեկ ուրիշի՝ սեփական նյութական միջոցներ եւ քաղաքական կշիռ չունեցող, ամբողջությամբ վերահսկելի, բայց ներկայանալի մի անձի, որը սկզբնական շրջանում ամբողջությամբ կենթարկվեր անձամբ իրեն, իսկ ավելի ուշ կապահովեր իր անվտանգ ու աստիճանական հեռացումը։ Տարբեր նշաններ հավանական էին դարձնում Վիգեն Սարգսյանի թեկնածությունը։ Եթե հանկարծ Սերժը հուսախաբ անի իրեն անփոխարինելի համարող ՀՀԿ֊ականներին, կարծում եմ՝ կնախընտրի Վիգենին։ Իսկ եթե, այնուամենայնիվ, դառնա վարչապետ, ապա միայն այն պատճառով, որ իր նախորդ՝ իր «բրեժնեւ» դառնալու տարբերակը չաշխատեց ու ստիպված անցավ «տարբերակ Բ»-ին։
Այսօր շատերը հիշեցնում են Սերժ Սարգսյանի հրապարակային խոստումը երրորդ ժամկետով չղեկավարելու մասին։ Կարծում եմ՝ այն ժամանակ նա ստում էր ըստ էության, բայց ոչ ձեւական առումով։ Այսինքն՝ իրականում պատրաստվում էր անսահմանափակ ժամկետով ղեկավարել երկիրը, բայց որպես ՀՀԿ տեր՝ առանց վարչապետի պաշտոնը զբաղեցնելու։ Թե ինչո՞ւ անցավ «Բ տարբերակին» կամ անցա՞վ արդյոք՝ չգիտեմ։ Ու առանձնապես կարեւոր էլ չէ, թե ի՞նչ պաշտոնով նա կշարունակի յուրացնել իշխանությունը։ Մի փոքր կարեւոր հանգամանքն այն է, որ Սերժ Սարգսյանն այս պահին չունի իրական ժառանգ ու դժվար էլ թե հասցնի պատրաստել։ Իսկ սա իշխող ապազգային վերնախավին բավականին թուլացնող հանգամանք է։

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

16.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Որպէս քաղաքական մարտավարութիւն, մօտեցումը ընդհանրապէս ի զօրու է: Գոնէ հեռու ենք զէնքերու գործածութենէն:

    Միայն թէ խնդիրը հետեւեալն է՝ ուզում էք տկարացնել այժմու վարչակարգը, նուազեցնելով անոր վերարտադրման հնարաւորութիւնները: Մինչեւ այստեղ՝ լաւ: Սակայն կայ մի սոսկալի դատարկութիւն, անկէ ետք գալիքի առնչութեամբ: Ցարդ, այժմու իշխանութեան զօրութեան համազօր ոչ մի լուրջ, շօշափելի այլընտրանք, չկայ:

    Հետեւաբար, տուեալ պայմաններու մէջ, ձեր քարոզածը նշանակում է եկէք, հըլէ մէյ մը եղած վարչակարգը տկարացնենք, յետոյ… կը նայինք. ո՞նց կարելի է լուրջի առնել այսպիսի «ծրագիր» մը… միշտ յիշելով որ պատերազմական վիճակի մէջ երկրի մը մասին է խօսքը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031