Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի միլիարդների ծախսերը՝ ասֆալտի, միլիոնները՝ հյուրասիրության եւ շրջագայության համար

Մարտ 17,2018 14:30

Մարտի 19-ին Երեւանի ավագանու նիստին ավագանու հաստատմանն է առաջարկվելու Երեւան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը: Այս նախագծով ներկայացված են Երեւանի 2017-ի բյուջեի եկամուտներն ու ծախսերը:
Փաստաթուղթը բավականին ծավալուն է, ուստի ներկայացնում ենք ուշագրավ ծախսերը:
Ըստ հաշվետվության՝ Երեւանի 2017-ի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 70 միլիարդ 990 միլիոն 87 հազար դրամի ծախսեր: Նշենք, սակայն, որ ըստ քաղաքապետարանի ինտերակտիվ բյուջեի՝ 2017-ին մայրաքաղաքի բյուջեն եղել է 81,9 միլիարդ դրամ, որից ծախսվել է 65 միլիարդ 84 միլիոնը: Ֆոնդային բյուջեից փաստացի ծախսերը՝ 881 միլիոն 404 հազար դրամ:

Մայրաքաղաքի բյուջեում աշխատավարձի գծով ծախսերը կազմել են 4,7 միլիարդ դրամ՝ միջինը 1975 հաստիքի համար։ Հաշվետվությունում տեքստային տարբերակով ներկայացված աշխատավարձի ընդհանուր գումարը ավելի քիչ է, քան աղյուսակով ներկայացվածը: Ըստ այդմ՝ քաղաքապետարանի ծախսերում աշխատանքի վարձատրության տարեկան փաստացի ծախսը 5,7 միլիարդ դրամ է կազմել:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բավականին մեծահոգի է եղել իր աշխատակիցների նկատմամբ, բոլոր լավ աշխատողներին պարգեւատրել է, ովքեր էլ թերացել են, ինչպես նշված է հաշվետվությունում, զրկվել են պարգեւատրումից: Քաղաքապետարանի աշխատողների պարգեւատրման ծախսը կազմել է 639 միլիոն 212 հազար դրամ, սակայն նախատեսված է եղել 758 միլիոն 538 հազար: «Պարգեւատրման ֆոնդի հաշվին պարգեւատրվել են հիմնականում տարվա ընթացքում լրացուցիչ աշխատանք կատարող աշխատողները, ինչպես նաեւ տարեվերջին Երեւանի քաղաքապետարանի գրեթե բոլոր աշխատողները (բացառությամբ տարվա ընթացքում նկատողություն ստացած աշխատողների)՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով»,- նշված է հաշվետվությունում։
Կառավարման մարմնի պահպանում ծրագրով քաղաքապետարանի 2017-ի ճշտված բյուջեով նախատեսվել էր 7,9 միլիարդ դրամ, որից փաստացի ծախսվել է 7,1 միլիարդը:
Անցյալ տարի Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները, մի քանի ավագանի ու վարչական շրջանների ներկայացուցիչներ լավ շրջագայել են արտասահմաններում: Ըստ բյուջեի ծախսերի հաշվետվության՝ արտասահմանյան գործուղումների ծախսերը կազմել են 47,4 միլիոն դրամ՝ նախատեսված 64,7 միլիոնի դիմաց: Այս գործուղումներում, ինչպես նշված է համապատասխան փաստաթղթում, Երեւանի ավագանու, քաղաքապետարանի եւ վարչական շրջանների 40 պատվիրակություններ (222 անձ) գործուղվել են 25 քաղաքներ. «Երեւանի քաղաքապետարանի կողմից 2017-ին իրականացված արտաքին նպատակային քաղաքականության արդյունքում պաշտոնական այցեր են կատարվել Ստեփանակերտ, Վիեննա, Փարիզ, Ստրասբուրգ, Թեհրան, Ամստերդամ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ստավրոպոլ, Հռոմ, Պեզաո, Դուբայ, Պլեսսի Ռոբինսոն, Ամման, Օդեսա, Չեբոքսարի, Մինսկ, Քիշնեւ, Մարսել, Լիոն, Լոպոտա, Թբիլիսի»։

124 միլիոն 983 հազար դրամ Երեւանի քաղաքապետարանի բյուջեից «դուրս է եկել» որպես ներկայացուցչական ծախսեր: Այս գումարով, ինչպես գրված է հաշվետվությունում, ապահովվել է պատվիրակությունների, հյուրերի ընդունելությունների եւ արարողակարգային բնույթի միջոցառումների՝ ներառյալ արարողական հուշանվերների, հյուրանոցային, տրանսպորտային, թարգմանչական ծառայությունների, հյուրասիրության, հանքային ջրի եւ այլնի ծախսերը: Այս ծախսերի մեջ են մտնում նաեւ Երեւանի քաղաքապետարանում եւ վարչական շրջանների աշխատակազմերում առօրյա ներկայացուցչական ծախսերը։ Բացի այս, նույն ծախսերի միջոցով են Երեւանի հետ համագործակցության շրջանակներում 2017-ին մայրաքաղաք այցելել գործընկեր քաղաքների շուրջ 26 պատվիրակություն։

Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ավտոպարկի պահպանումն էլ էժան չի նստում. մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման եւ պահպանման գծով փաստացի կատարողականը կազմել է 257 միլիոն 883 հազար դրամ, բայց նախատեսված է եղել ծախսել 271 միլիոն դրամ: Այս գումարով իրականացվել են քաղաքապետարանի եւ վարչական շրջանների հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների պահպանման եւ նորոգման, գույքի, համակարգչային տեխնիկայի եւ շահագործվող այլ սարքավորումների ընթացիկ նորոգումն ու պահպանումը։
Տրանսպորտային սարքավորումների հոդվածով ավտոմեքենայի ձեռք բերման համար նախատեսվել էր 35 միլիոն դրամ, փաստացի ծախսել են 34 միլիոն 920 հազար դրամ: Խնայել են 80 հազար դրամ:

Հաշվետվությունում կա մի ուշագրավ ծախս՝ ոչ նյութական հիմնական միջոցներ, այս հոդվածով ծախսը կազմել է 253 հազար դրամ՝ նախատեսված 300 հազարի դիմաց։ Թե որն է ոչ նյութական հիմնական միջոցները՝ հաշվետվությունում չի բացատրվում:
Ամեն տարի քաղաքացիներին եւ հատկապես վարորդներին այդքան նյարդայնացնող ասֆալտապատման աշխատանքների համար էլ անցյալ տարի բավականին խոշոր գումար է ծախսվել: Օրինակ՝ ասֆալտ-բետոնե ծածկի վերանորոգում եւ պահպանում ծրագրով ծախսվել է 3,5 միլիարդ դրամ: Այս գումարով, ըստ հաշվետվության, Երեւանի բոլոր վարչական շրջանների փողոցներում, մայթերում եւ բակային տարածքներում իրականացվել են շուրջ 750 հազար քառակուսի մետր մակերեսով ասֆալտ-բետոնե ծածկի ընթացիկ նորոգման աշխատանքներ, իրականացվել են նաեւ փողոցների ճաքալցման աշխատանքներ։

Իսկ ասֆալտ-բետոնե ծածկի հիմնանորոգման համար անցյալ տարի ծախսել են 83,3 միլիոն դրամ: Ըստ հաշվետվության՝ այս գումարը պակաս է 2016 թվականի համապատասխան ցուցանիշից 79,9 միլիոն դրամով։

Փողոցների պահպանման եւ շահագործման համար քաղաքապետարանն անցյալ տարի ծախսել է 52,2 միլիոն դրամ: Այս գումարով Երեւանի որոշ փողոցների մետաղական ցանկապատերն եւ միջնապատերն են վերանորոգել ու ներկել:
Մեկ այլ ուշագրավ ծախս էլ կարմիր գծերին է վերաբերում: Ըստ հաշվետվության՝ «Ավտոկայանատեղիի կազմակերպման ծառայություն ծրագրով փաստացի ծախսը կազմել 444 միլիոն դրամ, ինչը Երեւան քաղաքում ավտոկայանատեղիների կազմակերպման ծառայությունների մատուցման համար «Փարկինգ Սիթի Սերվի» ՓԲԸ-ի հետ ՝ ամսական 30 միլիոն դրամ հաստատուն գնով (ներառյալ ԱԱՀ) կամ տարեկան 360 միլիոն դրամով, եւ հավատարմագրային կառավարման ծառայությունների մատուցման համար «Լոկատոր» ՓԲԸ-ի հետ` ամսական 7 միլիոն դրամ գումարով (ներառյալ ԱԱՀ) կամ տարեկան 84 միլիոն դրամով, երկու նոր պայմանագրերով նախատեսված ծառայությունների մատուցման տարեկան ծախսերի հանրագումարն է»։

Երեւանին միջազգային վարկանիշ շնորհելու ծառայությունների դիմաց քաղաքապետարանը ծախսել է 9,7 միլիոն դրամ, սակայն նախատեսէլ էր 14 միլիոն: Այս 9,7 միլիոնը քաղաքապետարանը ծախսել է, որպեսզի «Ֆիտչ» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատի հանրային ֆինանսների բնագավառում Երեւան քաղաքին շնորհված B+ վարկանիշը դրական կանխատեսմամբ։

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

16.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031