Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Իռլանդիա. գնացքը անցյալից դեպի ապագա

Մարտ 17,2018 14:00

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Հունվարյան անթափանց մշուշով պատված իռլանդական փոքրիկ քաղաքի՝ Քարիք-օն-Շանոնի (Carrick-on-Shannon) բազմամարդ սրճարանում իռլանդացի ուղեկիցս հարցրեց մատուցող աղջկան՝ որտեղի՞ց ես: «Ես այստեղ եկել եմ Լիտվայից՝ ծնողներիս հետ, բայց ընդհանրապես Հայաստանից եմ՝ Լեռնային Ղարաբաղից»: Ես մեջքով եմ նստած աղջկան եւ նրան չեմ տեսնում, սակայն նրա պատասխանից թիկունքս մեկեն ծակում է, եւ ես պարզապես վեր եմ թռչում աթոռից: «Մենք էլ ենք Հայաստանից»,-աղջկաս կողմը ցույց տալով ասում եմ ես: Հաջորդ պահին Ալինան՝ ոչ հայկական անվամբ մատուցող հայ աղջիկը, ամուր գրկել էր ինձ ու մի քանի րոպե մենք պարզապես ավելի ու ավելի էինք սեղմում միմյանց:

Ես Իռլանդիա էի եկել Դուբլինի քաղաքային համալսարանի (Dublin City University- DCU) PhD ուսանող դստերս այցելության՝ նրա հետ դիմավորելու նրա ծննդյան 23-րդ տարեդարձը, Նոր տարին, Սուրբ Ծնունդը եւ վայելելու դասախոսական եւ լրագրողական կյանքից ինձ բաժին ընկած ձմեռային իմ երկար արձակուրդը:

Անկեղծ ասած, Եվրոպայում ես իմ հայրենակիցներին առանձնապես չեմ փնտրում. ինչպես այժմ Իռլանդիայում, այնպես էլ երկու տարի շարունակ՝ Դանիայում, երբ դուստրս սովորում էր Կոպենհագենի համալսարանի մագիստրատուրայում. ես նրանց չեմ փնտրել նաեւ վերջին ինը տարիների ընթացքում Եվրոպայում ճանապարհորդելիս: Ես ավելի շատ ուզում էի ճանաչել Հին աշխարհը, նրա քաղաքակրթությունը, նրա ժողովուրդներին:
Իռլանդիայում ես հայկական հետք չէի փնտրում, եւ հայկականության հետ կապված միակ բանը, որ ինձ հետաքրքրում էր, հայերի եւ իռլանդացիների այն նմանություններն էին, որոնց մասին ինձ անվերջ ասում էր անցյալ տարվա սեպտեմբերից Կոպեհագենից Դուբլին տեղափոխված դուստրս:

Արդեն Իռլանդիայում, Մալահայդում Իռլանդական ծովով զմայլվելիս, ես ավելի շուտ տարբերություններ էի փնտրում հայերի եւ իռլանդացիների միջեւ: Հայաստանը, դժբախտաբար, ծով չունի: Երբեմն ծովից ծով ձգվող Հայաստանը, կորցնելով իր պատմական հայրենիքի մեծ մասը, կորցրել է նաեւ ելքը դեպի ծով: Ես ուզում եմ կենտրոնանալ հայերի եւ իռլանդացիների տարբերությունների վրա, սակայն երկու ժողովուրդների նմանությունները շանթահարում են ինձ՝ պարտադրելով ինձ պատմել դրանց մասին:

Ես բարձրանում եմ իմ խոհերից ծնված հայ-իռլանդական գնացքը եւ դրանով ճամփորդում այս երկու ժողովուրդների հանդիպման կայարաններում:

Քրիստոնեությունը: Քրիստոնեությունը հայերին ու իռլանդացիներին միացնող աստվածաշնչյան արծաթ թելն է, որ կապում է երկու ժողովուրդների թե՛ հոգեւոր կյանքը, թե՛ պատմական ուղին: Սակայն քրիստոնեությունը նաեւ պառակտել է Իռլանդիան: Անգլիկան բողոքականությունը պառակտել է կաթոլիկ Իռլանդիան: Դուբլինի ամենամեծ եւ ամենագեղեցիկ տաճարը՝ Սուրբ Պատրիկի տաճարը, պատկանում է անգլիկան եկեղեցուն, իսկ Քրիստոսի Մայր տաճարը տնօրինում են կաթոլիկ եւ անգլիկան եկեղեցիները համատեղ:

Իռլանդիայում քրիստոնեությունը սկսել է տարածվել 5-րդ դարում: Երկրում քրիստոնեության տարածումը կապված է Սուրբ Պատրիկի՝ Իռլանդիայի բարեխոսի եւ հովանավորի անվան հետ, որի մահվան օրը՝ մարտի 17-ը, Իռլանդիայի Հանրապետությունում նշվում է որպես Սուրբ Պատրիկի օր. այն պետական տոն է: (Սուրբ Պատրիկի տոնը նշվում է նաեւ Հս. Իռլանդիայում, ինչպես նաեւ աշխարհի իռլանդական գաղթօջախներում):

Քրիստոնեական դավանաբանական տարաձայնությունները դարերի ընթացքում Իռլանդիայում վերածվել են ճակատագրական պատմաքաղաքական հզոր գործոնի: Իռլանդիայի Հանրապետության պետական դրոշի գույները վկայում են այդ տարաձայնությունների պատմության մասին՝ կանաչ գույնը բնութագրում է կաթոլիկությունը, նարնջագույնը՝ բողոքականությունը, իսկ սպիտակը՝ խաղաղությունն այդ ուղղությունների միջեւ:

Հայերն աշխարհում առաջինն են ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին: Պատմական այս իրողությունը Իռլանդիայում խիստ կարեւորում են: Ամենատարբեր իռլանդացիների համար ես մեկն էի, ով եկել էր քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրից՝ «քրիստոնյա Հայաստանից»: Քրիստոնեությունը, սակայն, պառակտել է նաեւ հայ ժողովրդին, մասնավորապես հայկական սփյուռքը՝ առաջացնելով թե՛ դավանաբանական, թե՛ համայնքային, թե՛ հասարակական խնդիրներ 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո աշխարհով սփռած հայերի մոտ: Հայաստանը, որը քրիստոնեական կղզյակ է մահմեդականներով շրջապատված տարածաշրջանում, լավ գիտե քրիստոնեությանը հավատարիմ մնալու իրական գինը:

Ժամանակակից աշխարհում, ուր քրիստոնեությունը եւ քրիստոնյաները շարունակում եմ մնալ պառակտված եւ անպաշտպան, քրիստոնեական անցյալն ու ներկան, աշխարհընկալումն ու արժեքները շարունակում են մնալ հայերին ու իռլանդացիներին միացնող կարեւոր գործոն:

Քրիստոնեությունը հայերին ու իռլանդացիներին կապում է նաեւ քրիստոնեական քարե խորհրդանիշների՝ խաչքարերի միջոցով: Աշխարհում երկու ժողովուրդներ խաչքար ունեն՝ հայերն ու իռլանդացիները: Խաչքարը հայկական լեռնաշխարհում կոթողային արվեստի յուրահատկություններից է: Խաչը խորհրդանշում է խաչեցյալին՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը: 2010թ. հայկական խաչքարը եւ խաչքարագործությունը (Armenian cross-stones art. Symbolism and Craftsmanship of Khachkars) ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության Ոչ նյութական մշակութային ժառանգության հեղինակավոր ցանկում: Դուբլինի Քրիստոսի Մայր տաճարի Խաղաղության պարտեզում, Ցեղասպանության 100-ամյակի տարելիցի առիթով 2015թ. դեկտեմբերին տեղադրվել եւ օծվել է հայկական խաչքարը:

Ես քայլում եմ իռլանդական եկեղեցիների բակերում եւ գերեզմանատների միջով եւ ձեռքս դանդաղ սահեցնում եմ իռլանդական խաչքարերի վրայով. դրանք ինձ թվում են ապրող, կենդանի, եւ ես կիսաձայն նրանց բարեւներ եմ փոխանցում աշխարհում իրենց միակ հարազատից՝ հայկական խաչքարերից:

Հայերի եւ իռլանդացիների նմանությունների հաջորդ երկու հանգրվանները ավելի շատ տառապանքի տեղիք են տալիս: Դրանցից առաջինը երկու երկրների փոքր չափերն են ու երկրի բնակչության փոքրաթիվությունը: Իռլանդիայի տարածքը 70.2 հազար քառ. կմ է: Իռլանդացիները սիրում են իրենց երկրի չափերի մասին կատակել՝ այն անվանելով Միքի Մաուս: Հայերն այդ թեմայով չեն կատակում, քանի որ երբեմնի Մեծ Հայքից մնացած այս փոքր հողակտորը՝ Հայաստանը՝ 29.750 քառ կմ, արթնացնում է պատմության մղկտալից հուշերը: Որքան էլ իռլանդացիները կատակում են, որքան էլ մղկտում են հայերը, երկրների փոքր չափերը հայերի եւ իռլանդացիների համար վերածվել է հոգեբանական բարդույթի, որը ստիպում է նրանց գրեթե ամեն ինչ դիտարկել այդ փոքր չափերի մեջ, ամեն ինչ բացատրել դրանով եւ ձախողումներն արդարացնել դրանով: Եվ չնայած փոքր չափերին եւ փոքրաթիվությանը՝ այս երկու հին ժողովուրդներն աշխարհին տվել են մեծ թվով տաղանդավոր մարդիկ:

Հայ-իռլանդական գնացքի հաջորդ կայարանում ավելի շատ մեկնողներ են. արտագաղթի կայարանն է այն: Ահռելի արտագաղթն է հայերի եւ իռլանդացիների հաջորդ հատման կետը: Հայ եւ իռլանդացի ժողովուրդների մեծ մասն ապրում է երկրի սահմաններից դուրս:
Իռլանդիայի բնակչությունն այժմ 4.5 միլիոն է: Երկրի սահմաններից դուրս ապրում է շուրջ 80 մլն իռլանդացի (ԱՄՆ-ի բնակչության ավելի քան 10 տոկոսը ծագմամբ իռլանդացիներ են, Կանադայում՝ 14 տոկոսը, Ավստրալիայում՝ 30 տոկոսը):

Իռլանդիայի Արտագաղթի թանգարանում գրեթե ոչ մի ցուցանմուշ չկա, ինտերակտիվ, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած թանգարան է, որը, սակայն, տակնուվրա է անում հոգիդ: Թանգարանի կիսախավար սրահներից մեկում լուսավորված աշխարհի քարտեզը ցույց է տալիս այն ուղղությունները, դեպի ուր արտագաղթել են իռլանդացիները: «Ամեն տեղ հայ կա»,-ասում էր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը: Ամեն տեղ նաեւ իռլանդացի կա: Իռլանդիայում ծնված իռլանդացիներն արտագաղթել եւ այժմ ապրում են աշխարհի 72 երկրներում: Թանգարանի ցուցասրահներում ես լսում եմ աշխարհահռչակ իռլանդացիների՝ Ջոն Քենեդու, Ռոնալդ Ռեյգանի պատմական ելույթները, նայում եմ պատից կախված հին լուսանկարին՝ ճամպրուկները բարձած հեռացող ավտոմեքենային, այն ճանապարհող ծեր կնոջը եւ մեքենայի ետեւից վազող շանը, եւ մտածում եմ, որ Իռլանդիայի ամբողջ պատմությունը Բեքեթի «Գոդոյին սպասելիս» է անցնել:

«Իռլանդական սփյուռքի պատմությունն ավելի լայն է եւ խորը, քան այն օվկիանոսները, որոնք արտագաղթողներն անցել են իրենց նոր բնակավայրերին հասնելու համար: Յուրաքանչյուր արտագաղթող իռլանդացու պատմությունը յուրահատուկ է, բայց ընդհանրապես, իռլանդացի արտագաղթողները հսկայական ազդեցություն են ունեցել աշխարհի վրա եւ աշխարհի՝ Իռլանդիայի մասին ունեցած պատկերացումների ձեւավորման վրա: Առանց իռլանդացիների աշխարհն ավելի աղքատ կլիներ», – գրված է թանգարանի սրահներից մեկի մուտքի վերնամասում:

Հայկական Սփյուռքը, որը հետեւանքն է 1915թ. Հայոց ցեղասպանության, նույնպես իր թվաքանակով մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի բնակչությանը: Ղարաբաղյան պատերազմի, Հայաստանում ծլարձակող քաղաքական եւ տնտեսական կոռուպցիայի, անարդարության, սոցիալական անհուսության հետեւանքով վերջին 15 տարիներին Հայաստանից հեռացել է մոտ 1.5 միլիոն մարդ, այժմ Հայաստանի բնակչությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, ավելի քան 3 միլիոն է: Աշխարհի հայկական գաղթօջախներում ապրում է շուրջ 10 միլիոն հայ:

Հայաստանում Արտագաղթի թանգարան չկա: ՀՀ իշխանությունները հմտորեն շրջանցում են արտագաղթի թեման՝ գերադասելով չխոսել դրա մասին: Հայաստանում Արտագաղթի թանգարան իզուր չկա, թեպետ դատարկվող հայկական շատ գյուղեր կարող էին արտագաղթի կենդանի թանգարան դառնալ:

Ես հիշում եմ Քարիք-օն-Շանոնում բնակվող Ալինային: Հիշում եմ, թե ինչպես իռլանդացի մեր ուղեկիցը՝ Մայքըլ Քեշինը, իմ մեկնելու նախօրյակին ասաց. «Ես երբեք չեմ մոռանա ձեր այդ հանդիպումը սրճարանում»: Ալինան արտագաղթի հայկական դեմքն է:
Հայ-իռլանդական գնացքը սուրում է պատմության քառուղիներով՝ ասպատակված, նվաճված օտար տիրապետողների կողմից: Նվաճված ժողովուրդների համար հայրենիքի անկախությունը վերականգնելը վերածվում է ազգային բաղձանքի, որ նրանք փոխանցում են սերնդեսերունդ: 11-րդ դարում պետականությունը կորցրած, 1918թ.՝ միայն երկու տարով անկախությունը վերագտած, 1991թ. սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեին 95 տոկոսով հօգուտ անկախության քվեարկած Հայաստանի բնակչությունը անփույթ գտնվեց անկախության հանդեպ, որն այժմ մաս առ մաս տրվում է օտար պետության՝ Ռուսաստանին:

Վիկինգներից, նորմանդացիներից, անգլիացիներից նվաճված Իռլանդիայի համար անկախությունը իռլանդական երազանքի իրականացումն է, եւ այն թանկ է յուրաքանչյուր իռլանդացու համար: Իռլանդիայի ողջ պատմությունը պայքար է ընդդեմ օտար նվաճողների եւ հանուն երկրի անկախության: 11-րդ դարում պատերազմի արդյունքում վերջապես ազատագրվելով վիկինգների արշավանքներից՝ 12-րդ դարում կելտերի հայրենիքը՝ Իռլանդիան, հպատակեցվեց Անգլիայի թագավոր Հենրիխ Երկրորդի կողմից: Հետագա դարերի ընթացքում, կաթոլիկների եւ բողոքականների միջեւ մղվող քաղաքացիական պատերազմների արդյունքում ձեւավորված Իռլանդական համադաշնությունը քարուքանդ եղավ անգլիացի զորավար Օլիվեր Կրոմվելի արշավանքի հետեւանքով: Կրոմվելը գլխատեց կաթոլիկ իռլանդացի հոգեւորական դասը, հպատակեցրեց ողջ Իռլանդիան՝ կաթոլիկ եկեղեցուն պատկանող հողատարածքներ հանձնելով անգլիացիներին եւ փաստացի գաղութացնելով երկիրը՝ այնտեղից արտաքսեց անհնազանդ իռլանդացիներին: 1798թ. ընդդեմ Անգլիայի իռլանդական ապստամբությունը ճնշվեց 1801-ին, եւ Իռլանդիան հռչակվեց Մեծ Բրիտանիայի մաս: 20-րդ դարում Իռլանդիան երկու անգամ վերանվաճեց անկախությունը՝ 1919թ., ապա վերջնականապես՝ 1949 թվականին:

Պատմության դժվարանցանելի կեռմանները եւ անցյալի կորուստները դրոշմվել են հայերի եւ իռլանդացիների աչքերում. դրանք խորունկ են եւ թախծոտ:
Չնայած երկրի բնակչության փոքրաթիվությանը, երկրի փոքր չափերին, արտագաղթի ահռելի ծավալներին, իռլանդացիները եւ հայերը երկու կարեւոր հարստություն ունեն՝ մարդիկ եւ բնությունը:

Հայ-իռլանդական գնացքում աղմուկ է, ինչպես իռլանդական փաբերում: Հայերն ու իռլանդացիները նաեւ բնավորությամբ են նման. բարձրախոս են, աղմկոտ, աշխույժ, հյուրընկալ, հետաքրքրասեր, եւ երկուսն էլ գերադասում են փողոցն անցնել կարմիր լույսի տակով:

Հաջորդ կայարանը Երեւանն է՝ Հայաստանի 2800-ամյա մայրաքաղաքը, որտեղ ես ծնվել եմ, որտեղ ծնվել է դուստրս: Հաջորդ կայարանը Հայաստանն է՝ Իռլանդիայից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող, լեռների մեջ ծվարած իմ երկիրը, որին պատկանում է իմ սրտի ամեն երկրորդ զարկը: Դոււբլինյան կայարանը մնաց հեռվում, սակայն այնտեղ մնաց նաեւ իմ սրտի մյուս մասը՝ դուստրս եւ Իռլանդիան:

Ես իջնում եմ հայ-իռլանդական գնացքից, որ թեպետ ծնվել էր իմ խոհերից, սակայն արդեն թվում է իրական: Ես իջնում եմ անցյալից եկող եւ դեպի ապագա սուրացող Հայաստան-Իռլանդիա գնացքից:

«Առավոտ»

16.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031