Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Հայաստանում աճում ամուսնալուծությունների թիվը

Մարտ 17,2018 13:30

Փորձագետների պնդմամբ՝ դրա պատճառներից է նաեւ այն,
որ կանայք սկսել են ավելի շատ գումար վաստակել, քան տղամարդիկ

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում ամուսնությունների եւ ամուսնալուծությունների գրանցումներում նկատվում են ոչ դրական տեղաշարժեր։ Ազգային վիճակագրության ծառայության հաղորդած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում 2017-ի դրությամբ, հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցված 1000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 259 դեպք, 2016-ի հունվար-դեկտեմբերին արձանագրված 224-ի համեմատ։

Վերջին 3 տարիների արդյունքների համաձայն՝ ամուսնալուծությունների թվով Լոռու մարզը զբաղեցնում է սանդղակի առաջին, իսկ Շիրակի մարզը երկրորդ հորիզոնականը։
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս, գիտությունների թեկնածու Աննա Առաքելյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց՝ փոխվել են ամուսնության խզման ձեւերը, ինչը կապված է քաղաքակրթության զարգացման, պատմական գործընթացների, կանանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխության եւ ազգային ավանդույթների հետ. «Նախեւառաջ տեղի են ունեցել ընտանեկան ֆունկցիաների փոփոխություններ, որոնք հիմնականում պայմանավորված են նաեւ կենցաղային խնդիրներում ֆունկցիաների բաշխման հետ. կանայք սկսել են ավելի շատ գումար վաստակել, քան տղամարդիկ, եւ կարծես թե համամասնությունը խախտվել է»։

Ամուսնալուծությունների թվի աճի հետ կապված պատճառները բազմազան են։ Մեր հասարակությունում կարծես տարածում է գտել այն երեւույթը, որ հանկարծակի եւ չմտածված ամուսնություններից կարճ ժամանակ անց ծագած ամուսնալուծությունները սովորական բնույթ են կրում: Տիկին Առաքելյանն այս առիթով ասաց. «Հիմա կարծրատիպային բացասական մոտեցումն ամուսնալուծված անձանց եւ ամուսնալուծությունների նկատմամբ բացակայում է»:

Հարցին՝ սոցիալ-հոգեբանական տեսանկյունից ամուսնության համար ճիշտ տարի՞ք է ընտրված աղջկա համար 16, իսկ տղայի համար 18 տարեկանը, տիկին Առաքելյանը պատասխանեց. «Կան որոշ հետազոտություններ, որոնք փաստում են`ընտանեկան կարգավիճակում գտնվելու, ծնողական դերերը ստանձնելու համար ավելի նպատակահարմար են ավելի ուշ տարիքում ամուսնությունները: Մենք կարող ենք հանդիպել մարդկանց, որոնք 25 տարեկան են, բայց ավելի քիչ հասուն, քան 22 տարեկանը: Ֆիզիկական տարիքը դեռեւս անձի սոցիալ-հոգեբանական հասունության մասին չի վկայում։ Կատարվում են սխալ ընտրություններ՝ առանցքային չափանիշները հաշվի չառնելով, եւ արդյունքում մենք ունենում ենք այն խնդիրը, ինչը կարող ենք անվանել հոգեբանական անհամատեղելիություն»։

Նոր-Նորքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության բաժնի պետ Հասմիկ Հարությունյանի հետ զրույցում պարզեցինք`ամուսնալուծությունների խնդիրն առկա է բոլոր տարիքային խմբերում. «Այն քաղաքացիները, որոնք դիմում են ամուսնալուծության, իրենց փաստաթղթային տվյալներում որպես հիմնական պատճառ նշում են անհամատեղելիությունը»։

Տիկին Առաքելյանն այս առիթով նշեց. «Տղամարդկանց՝ արտագնա աշխատանքի մեկնելն ու տեւական ժամանակ ընտանիքում չլինելը կարող է դրա պատճառ դառնալ: Այսինքն՝ ընտանիքի բազմաթիվ գործառույթներ, որ տղամարդը պարտավոր է իրականացնել, ծանրանում են կանանց ուսերին: Ժամանակի ընթացքում տղամարդկանց դերը փորձում են ստանձնել կանայք»։

ՄՈՆԻԿԱ ՄԱՄՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի
2-րդ կուրսի ուսանողուհի

«Առավոտ»

16.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հեռուստատեսիլի սերիալները դեր ունին ամուսնալուծման թիւի աճին մէջ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031