Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում հրավառությունների կարգավորմանն ուղղված 2-րդ ընթերցմանը ներկայացվող նախագծերի քննարկման ժամանակ ընդունվեց իմ առաջարկը, որով հրավառության նյութեր կվաճառվեն բացառապես իրավաբանական անձանց:
Սա նշանակում է, որ հրավառության նյութեր վաճառողներին կարգելվի ֆիզիկական անձանց վաճառել հրավառության պարագաներ, իսկ խնջույքներ կազմակերպող իրավաբանական անձինք հրավառություն անելու նյութերը կգնեն միայն համայնքի կողմից տրված տարեկան թույլտվության հիման վրա և հրավառությունը կիրականացնեն իրենց մասնավոր տարածքում՝ օրվա հստակ սահմանված ժամին:
Առանց թույլտվության հրավառության նյութի վաճառքը վաճառողի համար կառաջացնի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի չափով:
Հրավառություն իրականացնելու թույլտվության վճարի չափը կորոշի ամեն համայնքի ավագանին: Միևնույն ժամանակ, թույլտվության վճարը պետք է լինի տարեկան 50.000-300.000 ՀՀ դրամի սահմաններում:
Առանց թույլտվության հրավառություն իրականացնողը կտուգանվի առաջին դեպքի համար 300 հազարից -1 մլն ՀՀ դրամով, երկրորդ անգամ՝ 1 մլն 300 հազարից – 2 մլն դրամով:
Հուսով եմ, որ այս սահմանափակումները ինչ-որ չափով կօգնեն պահպանել քաղաքացիների երեկոյան և գիշերային հանգիստը:
Հրավառությունների կարգավորմանն ուղղված նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ կընդունվի ԱԺ-ի առաջիկա հերթական լիագումար նիստերի ժամանակ:
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր
Լենա Նազարյան