«Տարաձայնությունները կդնենք մի կողմ եւ ժողովրդին ցույց կտանք միասնությունը»,- Ազատության հրապարակում ի հիշատակ «Հաց բերողի» կազմակերպված հանրահավաքում այսօր դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին` ասաց Դավիթ Սանասարյանը: «Սա անհրաժեշտություն է»,- ասաց ու խնդրանքով դիմեց հանրահավաքին, քաղաքացու կարգավիճակով մասնակցող Նիկոլ Փաշինյանին. «Եկեք միասնական օրակարգ ձեւավորենք: Չեմ ասում`եկեք մեր հանրահավաքին մասնակցեք, կամ մենք գանք ձերին մասնակցենք»: Ասում է`ժողովուրդը հոգնել է ճառերից, գործ է ուզում: Դիմեց հենց Զարուհի Փոստանջյանին եւ Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրանք են հայտարարել համակարգի դեմ պայքարելու իրենց ցանկության մասին: «Կշեռքի մի կողմում Սերժ Սարգսյանի եւ ռեժիմի վերարտադրությունն է, մյուս կողմում`ազատ ապրելու եւ պետություն ձեւավորելու ցանկությունը:
«Եկեք միավորվենք, խփենք նույն կետին, ճաք տանք ռեժիմը»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Այնուհետ հավաքվածները երթ անցկացրեցին: Երթը կընթանա Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց- Հանրապետության հրապարակ- Վազգեն Սարգսյան փողոց, ապա Մաշտոցի պողոտայով կվերադառնան Ազատության հրապարակ:
Հաջորդ հանրահավաքը կկայանա հաջորդ ուրբաթ օրը՝ 18. 30-ին, Ազատության հրապարակում: «Հույս ունեք, հաջորդ հանրահավաքում միասնական հանրահավաքի կոչ կլսենք»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ