Մարտի 16-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկել է Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողով, որին մասնակցում է 32 բուհերի, գերատեսչությունների, գիտական, կրթական կազմակերպությունների 122 ներկայացուցիչ:
Գիտաժողովի լիագումար նիստը բացել է ԱՀ Ազգային ժողովի և ԱրՊՀ խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը: Ողջունելով մասնակիցներին՝ Աշատ Ղուլյանը մասնավորապես ասել է. «Արցախյան շարժման և դրան հաջորդած տարիների արժեքն ու կարևորությունը, դրա շուրջ ակադեմիական նյութերը թույլ են տալիս անընդհատ և ոլորտային տարբեր ուղղություններով հետևողականորեն ուսումնասիրել պատմական այդ նշանակալի ժամանակաշրջանը: Այսօրվա գիտաժողովը մեծ արժեք ունի, քանի որ զեկուցումներում ներկայացված կարծիքներն ու մտքերը, թեզերն ու պնդումները հնարավորություն են ընձեռելու ավելի խորն ու համապարփակ ընկալելու այդ բեկումնային իրադարձության նշանակությունը»:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն, իր հերթին կարևորելով գիտաժողովի անցկացումը, ասել է, որ տարին հոբելյանական է ոչ միայն արցախցիների, այլև համայն հայության համար, քանզի իր բնույթով ու նշանակությամբ Ղարաբաղյան շարժումը համազգային էր:
Նարինե Աղաբալյանի խոսքով ՝ այսօր՝ 30 տարվա հեռավորությունից, ավելի հստակ է ուրվագծվում Ղարաբաղյան շարժման ազդեցությունն աշխարհաքաղաքական զարգացումների վրա:
Նա ընդգծել է, որ եթե անգամ նախորդ դարի 80-ականներին միջազգային հանրությունն անծանոթ է եղել Արցախի ժողովրդի ընդվզման պատմական հիմքերին, ապա միայն վերջին 30 տարվա պատմության իմացությունը բավարար է հակամարտող կողմերին՝ օբյեկտիվ գնահատելու և ճիշտ հետևություններ անելու համար:
ԱրՊՀ-ում նման գիտաժողովի կազմակերպումը կարևորել է նաև Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը: «Մենք կերտելու և կառուցելու ենք անկախ, ժողովրդավարական ու սոցիալական երկիր՝ էլ ավելի ամրապնդելով Հայաստան-Արցախ–Սփյուռք եռամիասնությունը: Անկախ պետականությունը մեր ամենամեծ արժեքն է, և բոլորիս պարտքն է՝ անել առավելագույնը դրա շարունակական զարգացման ու հզորացման համար: Վերջին 3 տասնամյակում Արցախն անցել է պետականաշինության լուրջ ճանապարհ. վերականգնել պատերազմի հետևանքով գրեթե հիմնովին ավերված տնտեսությունը և թևակոխել կայուն զարգացման փուլ»,- մասնավորապես ասել է Մանուշ Մինասյանը՝ ընդգծելով, որ գիտաժողովի շրջանակում ներկայացված զեկուցումները հետագայում կհրատարակվեն և կարևոր կռվաններ կդառնան Արցախի Հանրապետության ճանաչման գործում:
Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները, ըստ առանձին մասնագիտությունների, շարունակվել են 6 մասնախմբում:
Գիտաժողովի փակման արարողությունը տեղի կունենա մարտի 17-ին՝ ԱրՊՀ-ում:
ԱՀ ԿԳՍ նախարարության մամուլի հաղորդագրություն