Ի հիշատակ «Հաց բերողի» հանրահավաքն Ազատության հրապարակում մեկնարկեց լռության րոպեով: Հավաքվածները հարգեցին Արթուր Սարգսյանի հիշատակը: Հարթակից ելույթ ունեցողները` Դավիթ Սանասարյանը, կալանքի տակ գտնվող Անդրիաս Ղուկասյանի կինը`Անահիտ Թարխանյանը, հիշեցին Արթուր Սարգսյանի դրական գործը: «Արթուրը զոհաբերեց իրեն, որպեսզի մենք բոլորս ապրենք ծաղկած Հայաստանում»,- ասաց Անահիտ Թարխանյանը: Նա հույս հայտնեց, որ մի օր Երեւանում կկանգնեցվի «Հաց բերողի» հուշարձանը:
Հավաքվածները ելույթներից հետո վանկարկում էին`«Ար-թուր, Ար-թուր»:
Մինչ հանրահավաքի մեկնարկը «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգողներից Կարապետ Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Ազատության հրապարակում միասնական օրակարգ ձեւավորվի:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս կողմ է հանրահավաքային պայքարով համակարգի եւ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելուն: Հանրահավաքների շարք անցկացնելու համար դիմել են քաղաքապետարան: Եթե միասնական օրակարգ ձեւավորվի, դրա իրագործման արդյունավետությունն, ըստ Կարապետ Ռուբինյանի, կախված կլինի կազմակերպիչների համառությունից եւ ժողովրդի քանակից:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Ճակատի`անցած շաբաթ կայացած հանրահավաքն ատելության քարոզ էր: Կարապետ Ռուբինյանը համամիտ չէ: Ասում է` Ճակատը նման քայլ չի արել, առանձին ազատամարտիկներ կարծիքներ են հնչեցրել: Նաեւ կարծում է, որ թերություն միշտ էլ կարելի է գտնել, միշտ էլ կլինի, բայց Ճակատը ատելության հարց չի դնում իր գործողությունների հիմքում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ