«Հանուն Հայաստան պետության» ճակատը Ազատության հրապարակում այսօր հանրահավաք եւ երթ է կազմակերպել՝ ի հիշատակ «Հաց բերողի»:
Հիշեցնենք, անցած տարի, մարտի 16-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ 2016-ի ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սանսա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը: Նա մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ: Գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։
2016-ի դեկտեմբերի վերջին, հաշվի առնելով Արթուր Սարգսյանի առողջական վիճակը, նրան ազատ էին արձակել: Փետրվարի 9-ին, սակայն, նրան Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ դարձյալ կալանավորել էին: ՀՔԾ-ն կալանքի հիմք էր համարել այն, որ վերջինս փետրվարի 3-ին չէր ներկայացել քննչական մարմին: Անազատության մեջ հայտնվելու հաջորդ օրվանից Արթուր Սարգսյանը անժամկետ հացադուլ էր: Մարտի 6-ին Ազգային ժողովի 27 պատգամավորների անձնական երաշխավորությամբ «Հաց բերողը» տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացավ:
Այս պահին Ազատության հրապարակը բավական սակավամարդ է:
Հիշեցնենք նաեւ, որ Ազատության հրապարակում ակցիաների կազմակերպիչները նաեւ նպատակ ունեն համախմբել հանրությանն ու քաղաքական ուժերին եւ թույլ չտալ իշխող համակարգի վերարտադրությունը եւ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ