Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը խոսելով Արթուր Սարգսյանի բարոյական կերպարի մասին, նրան որակեց որպես ֆենոմեն:
«Երբ մենք հուլիսի 26-ին արթնացանք և համակարգչից տեղեկացանք, որ ինչ- որ մեկն իր անձնական մեքենայով ճեղքել է ոստիկանական պատը և հաց հասցրել նրանց, բոլորիս երևակայության մեջ դրոշմվեց մի մաչո՝ ահռելի, ուժեղ, մի Առնոլդ Շվարցենեգեր, որն իր «Համերով» ճեղքել է այդ պատը: Հետո՝ հանձնվելու օրը՝ հուլիսի 31-ին, երբ մենք տեսանք իրական Արթուր Սարգսյանին, դա մեր երևակայության մեջ ստեղծվածի հետ այնպիսի կոնֆլիկտ առաջացրեց, որ դժվար էր դրան դիմանալը: Երբ տեսանք այդ ծուռտիկ-մուռտիկ, փորիկով, անմեղագույն, մաքրամաքուր, բյուրեղյա մաքրության տեր արարածին, չկարողացանք համատեղել, համադրել այդ երկու կերպարները»,-ասաց տիկին Հովհաննիսյանը:
«Հաց բերողի» հանդեպ դրսևորված վերաբերմունքը, ըստ Թամար Հովհաննիսյանի, վկայում է այն մասին, որ իշխանությունները սարսափում են բարոյական մարդուց և նրա բարոյական արարքից. «Նա դարձավ Դամոկլյան սուր իշխանությունների համար և մի գիշերվա մեջ ստացավ «Հաց բերող» անունը»:
Դերասանուհին շեշտում է, որ Արթուր Սարգսյանը ժողովրդին միավորելու և ոգեշնչելու ահռելի ուժ ուներ. «Մենք գնում էինք դեպի ապրիլի 2-ի ընտրություններ, և նա կանգնելու էր այդ ընտրությունների դեմ, նա ծրագրում էր դա անել, ես, հո, կարող եմ վստահեցնել: Նա կանգնելու էր Ազատության հրապարակում, և ժողովուրդը ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքից էլ գալու էին նրա կոչով»:
Տիկին Հովհաննիսյանը վստահաբար նշում է, որ «Հաց բերողը» քաղաքական լուրջ սպառնալիք էր դառնալու և առաջնորդելու էր խելագար ամբոխներին դեպի արևը:
Շուշաննա ԹԵՎԱՆՅԱՆ