Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանական ճառը ներկայացնելիս այսօր նրա շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանն ավարտելով խոսքը՝ համոզմունք հայտնեց, որ պետական հատուկ ծառայություններն են հրահանգ ու պատվեր իջեցրել՝ Սեֆիլյանի քաղաքական գործունեությունը կանգնեցնելու համար: Այդ նպատակով, ըստ պաշտպանի, շինծու քրեական գործ է «սարքվել», որի շրջանակում այս գործով մյուս մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանը եւ նրա բարեկամը՝ Սմբատ Գալոյանը, ցուցմունք են տվել Սեֆիլյանի դեմ:
Սեֆիլյանի դեմ պատվեր իջեցնելու պատճառներից մեկը, ըստ Տիգրան Հայրապետյանի, ազատամարտիկի անհանդուրժողականությունն է անարդարության հանդեպ: «Ապրիլյան պատերազմից հետո նա հեռուստացույցով տեսել է ինչ-որ տարածք ու հասկացել, թե որքան առաջ են եկել ադրբեջանցիները, որ այն մնացել է հակառակորդի տիրապետության տակ: Նա քարտեզով նայել է, հատակագիծ կազմել ու հասկացել, որ 700 հա հող ենք կորցրել: ԶԼՄ-ներով խայտառակեցին նրան այդ հայտարարության համար: Անցավ ժամանակ ու պարզվեց, որ նրա հաշվարկները ճիշտ էին: Նա փայլուն գիտելիքներով զորավար է, որը մի անգամ տեսնելուց կարողանում է հաշվարկել, թե որքան տարածք ենք կորցրել»,-նշեց Տիգրան Հայրապետյանը:
Ապա նա ասաց, որ Սեֆիլյանն ազգի հերոս է, ազդեցիկ ռազմական գործիչ. «Մի ժամանակ նրա անունը գրված էր պատմության դասագրքերում, բայց վերջին երկու տարում ինչ-որ մեկի «ձեռքով» այն հանվել է, քանի որ նա ցանկալի անձ չէ իշխանությունների համար»:
Այսքանով այսօրվա նիստն ավարտվեց: Դատաքննությունը մոտենում է ավարտին. վաղը դեռ պաշտպանական ճառ ունի ներկայացնելու Տիգրան Եգորյանը, որից հետո ամբաստանյալներին վերջին խոսքի հնարավորություն կտրվի:
Նիստի ավարտին Ժիրայր Սեֆիլյանը, որի ձեռքին հացի կտոր էր, բարձրախոսով հայտարարեց. «Ժողովո՜ւրդ, «Հաց բերող»-ին չպետք է հիշենք միայն որպես «հաց բերող»-ի…նա պայքարի մարդ էր»: Հիշեցնենք, որ այսօր լրացավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մեկ տարին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ