Խանջյան փողոցում քայլակով մի երիտասարդ կանգառում սպասում էր ավտոբուսի: Հենց ավտոբուսը մոտեցավ, երիտասարդը խուճապի մատնված նետվեց դեպի այն, որպեսզի հասցնի բարձրանալ: Նա քաղաքացիների օգնությամբ մի կերպ բարձրացավ ավտոբուս: Մինչդեռ տվյալ ավտոբուսը հարմարեցված էր հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այսինքն՝ այս ավտոբուսը կահավորված էր վերելակով, որի օգնությամբ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձինք հեշտությամբ կարող են նստել ավտոբուս:
Թե ինչո՞ւ վարորդը չբացեց վերելակը քայլակով ուղեւորի համար՝ դժվար է ասել: Համենայն դեպս, վարորդը հաստատ նկատել էր, որ քայլակով ուղեւոր ունի, եւ երիտասարդի շուրջը խմբված քաղաքացիներն էլ օգնում էին նրան բարձրանալ ավտոբուս, մյուսներն էլ՝ քայլակն էին ծալում, որպեսզի փոխանցեն նրան:
Արդյոք այս ավտոբուսի վերելակը չէր աշխատում, թե՞ վարորդը զլացավ այն գործի դնել:
Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գեւորգյանին Aravot.am-ը փոխանցել էր, թե որ երթուղին էր, սակայն ավտոբուսի պետհամարանիշը չէինք հասցրել արձանագրել: Մեզ հետ զրույցում Գեւորգյանը վստահեցրեց, որ Երեւանում հաշմանդամություն ունեցող անձանց համար վերելակով կահավորված 25 ավտոբուս կա, որոնցից 3-ը նորոգման կարիք ունեն:
Գեւորգյանն ասաց, որ մեր նշած երթուղիում վերելակով կահավորված 4 ավտոբուս կա, 4-ն էլ սարքին են:
Ինչ վերաբերում է այս ավտոբուսին եւ նրա վարորդին, լրատվական ծառայության ղեկավարը նշեց՝ հնարավոր է վարորդը պարզապես չի հասցրել գործի դնել վերելակը, քանի որ դրա համար որոշ ժամանակ է հարկավոր, մոտ 1 րոպե եւ գուցե ուղեւորներն արդեն շտապել էին օգնել այդ երիտասարդին: Այսինքն՝ վերելակի բացվելուն մուտքի մոտ կանգնած մարդիկ կխանգարեին:
Գեւորգյանի խոսքերով՝ «Եթե պարզվի ավտոբուսի պետհամարանիշն ու վարորդի մեղավորությունը՝ նա նկատողություն կստանա»:
Դատելով մարդկանց՝ քայլակով ուղեւորին օգնություն հասնելու արագությունից, կարելի է ենթադրել, որ նրանք էլ տեղյակ չէին տվյալ ավտոբուսի հարմարեցվածության մասին: Սակայն նկատենք՝ վարորդը կարող էր այդ քաղաքացիներին տեղեկացնել ու գործի դնել վերելակը:
Ինչպես է քայլակով երիտասարդը փորձում նստել ավտոբուս՝ դիտեք տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ