«Փաստն այն է, որ այլընտրանքային թեկնածու Ռուսաստանում չկա»,- այսպես ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը մարտի 16-ին «Հայելի» մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսում:
«Պրոֆեսիոնալ աշխատանք էր տարված և՜ ֆիլմի, և՜ քաղաքական պայքարի տեսանկյունից: Թեկնածուներ շատ կան, բայց այնպիսի բարձր վարկանիշ, ինչպիսին գործող նախագահինն է՝ չկա: Քաղաքական իշխանությունների փոփոխություններ չեն սպասվում Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Չինաստանում, Թուրքիայում, Իրանում և հավանաբար նաև ԱՄՆ-ում»:
Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն կատարած այցի մասին խոսելիս Սուրեն Սարգսյանն ասաց, որ բանակցային գործընթացից որևէ փոփոխություն ակնկալելն անիմաստ է: Այցը շատ կարևոր նշանակություն ուներ, քանի որ Միացյալ Նահանգները Հայաստանից հետո միակ պետությունն է, որ ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին: Կարևոր է նաև, որ Վաշինգտոնում դեռևս 1990-ական թվականներից գրանցվել և գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունը:
«Պարբերաբար պնդումներ են լինում, որոնց համաձայն՝ առանց արցախցիների կարծիքը հաշվի առնելու, խնդիրը չի կարող կարգավորվել: Բայց պետք է հիշել նաև, որ պաշտոնական Վաշինգտոնը չի ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը»:
Այն հարցին, թե վերջերս կայացած Իրան-Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան քառակողմ հանդիպումը ինչքանով է վտանգավոր Հայաստանի համար, Ս. Սարգսյանը պատասխանեց.
«Տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական միակ նախագիծը, որին Հայաստանը մասնակցում է, ԵԱՏՄ-ն է: Ադրբեջանը սովորաբար ասում է, որ բոլոր կոմունիկացիաները անցկացվեն իր տարածքով, և նա կվճարի հավելյալ բոլոր ծախսերը: Հայաստանի իզոլացման քաղաքականությունը Ադրբեջանի ազգային անվտանգության քաղաքականություններից մեկն է: Նա ամեն ինչ անում է, որ տարածաշրջանային ոչ մի նախագծում հայերը չներառվեն»:
Հետո հավելեց նաև, որ վերջին ամիսներին Ադրբեջանի լոբբիստական կազմակերպությունները Վաշինգտոնում աշխատում են նրա վրա, որ ձևավորեն Հայաստանի՝ որպես ԱՄՆ-ի համար թշնամական պետության իմիջ, և դրա հիմնավորումն այն է, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, հետևաբար՝ թշնամի է ԱՄՆ-ին:
Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի սահմանին անցկացված զորավարժությունների սպառնալիքներին՝ Սուրեն Սարգսյանն այսպես պատասխանեց.
«Ես կարծում եմ՝ դրանք կրում են առավելապես նախընտրական բնույթ: Ադրբեջանի նախագահը հենց ընտրություններից առաջ որոշում կայացրեց նման գործողություններ իրականացնել: Ադրբեջանն ուղղակի փորձում է իր ներքին լսարանին ցույց տալ, որ ցանկացած ժամանակ կարող է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել: Սա էլ որևէ արդյունք չի տալու: Ալիևը փորձում է նմանվել Թուրքիայի իր «մեծ եղբորը»: Թուրքիան այն միակ երկիրն է աշխարհում, որ կարող է անել ցանկացած բան ու մնալ անպատիժ: Ադրբեջանն էլ մեծ հաշվով այնպիսի բաներ է անում, որոնց համար դեռևս անպատիժ է մնում»:
Շուշաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ