«Մեդիա կենտրոնում» կայացած մամլո ասուլիսում փաստաբան Տիգրան Եգորյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի և այդ նպատակով նշանակված փորձաքննության ընթացքի մասին:
Անդրադառնալով 2017թ.-ին կայացած փորձագիտական հանձնաժողովի առաջին նիստին՝ Տիգրան Եգորյանը նշեց, որ ներկայանալով նիստին՝ սկսել են ձայնագրել, ինչն արգելված չէ օրենքով, և բարձրացրել են մի շարք օրակարգային և ընթացակարգային հարցեր: Սակայն դրանցից և ոչ մեկը ուշադրության չի արժանացել: Ավելին, հանձնաժողովի անդամներից մեկն անգամ բողոքել է ձայնագրության փաստի դեմ: «Հանձնաժողովի անդամներից մեկը որոշել է, որ պետք է ընդդիմանա և դժգոհություն արտահայտի ձայնագրության փաստի կապակցությամբ, ինչին, ըստ երևույթին, կոլեգիալության սկզբունքից ելնելով, միացել են որոշ այլ անդամներ: Բանավեճը, ես ցավում եմ նման որակումների համար, վերածվել է արևելյան շուկայում ընթացող մի սակարկության՝ համեմված մեր հասցեին այդ փորձագետների կողմից հնչեցված վիրավորական արտահայտություններով: Ի վերջո փորձագետներն ուղղակի լքել են դահլիճը՝ տապալելով փորձագիտական հանձնաժողովի այդ նիստը»:
Երկրորդ նիստը, որը նշանակված է եղել 2017թ. նոյեմբերի 6-ին, ընթացել է առաջինի սցենարով. «Մեր սենյակ մտնելուց և մի քանի րոպե ձայնագրելուց հետո հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ մենք ձայնագրություն ենք իրականացնում, և հանձնաժողովը չի կարող շարունակել իր աշխատանքը մեր ներկայությամբ»,-ասաց պարոն Եգորյանը: Արդյունքում այս նիստը ևս տապալվել է՝ փորձագետների կողմից դահլիճը լքելու հետևանքով:
Պարոն Եգորյանը հարկ համարեց նշել, որ հանձնաժողովի մի քանի անդամներ միայն դրսևորեցին պատշաճ վարքագիծ, բարձր իրավագիտակցություն և լուրջ մտահոգություն հարցերի նկատմամբ, մինչդեռ մյուսները համարում էին, որ հանձնաժողովում տարաձայնություններ չպետք է լինեն, և ոչ ոք հատուկ կարծիք արտահայտելու իրավունք չպետք է ունենա:
«Մինչ օրս վարույթ իրականացնող մարմինը որևէ տեղեկություն չի հայտնել փորձաքննության ընթացքի, հանձնաժողովի հերթական նիստերի մասին, թեև արդեն երկրորդ նիստի ընթացքում՝ 2017թ. նոյեմբերի 6-ին, քննարկվում էին փորձագիտական եզրակացության եզրափակիչ մասի հարցեը: Ենթադրությունն այն է, որ կամ փորձաքննությունը չի ընթանում, որևէ առաջընթաց այդ առումով չկա, կամ այն ուղղակի իրականացվում է առանց մեր մասնակցության՝ խախտելով Արթուր Սարգսյանի մահվան գործով նրա իրավահաջորդի ընթացակարգային իրավունքները: Հանձնաժողովի անդամների մեծամասնության վարքագիծն ու գործողությունները մեր կողմից գնահատվում են որպես նրանց ակնհայտ անկողմնակալության և անաչառության բացակայության դրսևորում, ինչն արդեն իսկ կասկածի տակ է դնում այդ հանձնաժողովի փորձագիտական եզրակացության արժանահավատությունը»,-ամփոփեց Տիգրան Եգորյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:
Շուշաննա ԹԵՎԱՆՅԱՆ