Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2017 թվականին Շամիրամ գյուղի սգո սրահում տեղի ունեցած չորս անձանց սպանության գործով դատական նիստի մեկնարկից առաջ այսօր միջադեպ գրանցվեց։
Նիստերի դահլիճում ամբաստանյալներ Թելման Քալաշյանի եւ Քյարամ Քալաշյանի ու տուժածների իրավահաջորդների միջեւ փոխադարձ վիրավորանքների ու հայհոյանքների տեղատարափ սկսվեց:
Միջադեպեր գրանցվեցին նաեւ դատական նիստի ժամանակ, կողմերը շարունակեցին միմյանց հասցեին փոխադարձ վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցնել: Երբ Քյարամ Քալաշյանի պաշտպանը՝ Կրոմվել Գրիգորյանը միջնորդում էր, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխվի, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն առարկեց՝ պնդելով, որ ինքն ու իր իրավահաջորդներն այն կարծիքին են, որ Քյարամ Քալաշյանին մեղմ մեղադրանք է առաջադրվել. «Նա ոչ թե հանցագործությունը պարտակող է, այլ սպանությանն օժանդակող, որին հետագայում կանդրադառնամ։ Առարկում եմ միջնորդությանը»։
Տուժողի իրավահաջորդ Մանվել Ազիզյանն էլ հայտարարեց, Քյարամ Քալաշյանը փրկող չէ. «Որ փրկիչ լիներ, նույն րոպեին էդ իր ախպոր տղայի դեմը կկանգներ, ավազակը չէր խփի էդ երիտասարդներին»։
Ամբաստանյալ Թելման Քալաշյանը հակադարձեց՝ «Էդ ավազակի փողը ո՞նց եք տալու»։
Թելման Քալաշյանի արձագանքից հետո դահլիճում իրավիճակը սրվեց, սկսվեցին վիրավորանքներն ու հայհոյանքները, դատարանը ամբաստանյալին ու սպանվածների երկու հարազատի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ հեռացվեցին նիստերի դահլիճից:
Հիշեցնենք, որ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում կատարել է չորս անձանց սպանություն, բացի դրանից, 1999թ.-ին ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն և ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչև 2014թ.-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն, որի հետևանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 2017թ. օգոստոսի 25-ին էլ կատարել է նաև սուտ մատնություն:
Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Քյարամ Քալաշյանին այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Tert.am-ի