Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը վարում է կրավորական քաղաքականություն». քաղաքագետ Երվանդ Բոզոյան

Մարտ 16,2018 16:28

«Մեր երկիրը ոչ մի քաղաքական մարտավարություն չունի: Հայկական վերնախավում մտածողությունն այնքան կենցաղային է, որ զգացվում է քաղաքական գիտակցության պակաս»,-ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը մարտի 16-ին «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

«Հայաստանն ուժեղ կախվածության մեջ է Ռուսաստանից, Ադրբեջանն էլ, օգտվելով դրանից, փորձում է ԱՄՆ-ին ցույց տալ, որ Հայաստանը վատ դաշնակից է նրան: Ադրբեջանը դա անում է ռեսուրսներով, ֆինանսով, կաշառքներով, զենքով: Այդ երկրի քաղաքականության հիմնարար դրույթներից մեկն է Հայաստանին մեկուսացնելը: Օրերս Իրանի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի կնքած հռչակագիրը հենց դա է փաստում»:

Անդրադառնալով Բակո Սահակյանի այցին Վաշինգտոն՝ նա պնդեց, որ նմանօրինակ այցերը շատ են և դրա մեջ ոչ մի ճակատագրական ու արտառոց բան չկա:

Մարտի 18-ին Ռուսաստանի Դաշնությունում կատարվելիք նախագահական ընտրությունների մասին Բոզոյանն ասաց, որ ոչ ոք չի կասկածում, որ Պուտինը կվերընտրվի: «Պուտինի համար ավելի կարևոր է Ղրիմի երկրամասից շատ ձայներ ստանալը, քանի որ նա ուզում է ցույց տալ աշխարհին, որ Ղրիմն իրեն է աջակցում: Ընթանում է ոչ թե նախագահի ընտրության պայքար, այլ իշխանության ձևավորման պայքար: Ժիրինովսկու համար այս ընտրությունները կոմերցիոն բնույթ են կրում, իսկ մնացած թեկնածուներն, իմ կարծիքով, ոչ մի շանս չունեն»:

Պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը շեշտեց, որ Ռուսաստանն ուզում է ցույց տալ իր հզորության վերականգնվող լինելը:

«Պուտինի քարոզչականությունը ոչ մի կապ չունի բնակչության կենսամակարդակի բարձրացման հետ: Իր նպատակը կայսերականության պահպանումն է: Պուտինի համար, կարծում եմ, միակ անհաղթահարելի խնդիրը Ռուսաստանի հսկա տարածքն է և այն, որ դրա շատ մասեր բնակեցված չեն: Հիմա քարոզչամեքենան այդ բոլոր տարածքներն անվանում է «էթնիկ հայրենիք»՝ դիմադրելով հարևանների՝ այն մասնատելու միտումներին»:

Գնահատելով Հայաստանի դիրքը ներկա քաղաքական վիճակում՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նկատեց.

«Ադրբեջանն ուժեղանում է, Հայաստանը՝ թուլանում: Հիմա մենք շատ փխրուն վիճակում ենք: Հայաստանը միշտ պետք է մանևրելու տեղ ունենա: Մենք մտածում ենք, թե Ռուսաստանը մեզ միշտ կսատարի, բայց ամեն ինչ կարող է անսպասելիորեն փոխվել՝ ինչպես եղավ ապրիլյան պատերազմի ժամանակ. Ռուսաստանը ոչ մի կերպ չխառնվեց գործընթացներին: Այնտեղ տրամադրությունները Հայաստանի հանդեպ փոխվել են, բայց այստեղ դա դեռ չի զգացվում»:

 

Զարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031