«Օրենքում մի լավ բան կար, դա էլ եք ուզում փոխել: Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է լինեն բուհերի խորհուրդներում: Միջազգային կառույցների ասածն էլ չի կարող իմպերատիվ լինել մեզ համար: Հիմա «լազեյկեք» եք փնտրում»,-ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր դժգոհությունն արտահայտեց «Ելք» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Հանձնաժողովում քննարկվում էին «Բարձրագույն կրթության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին պատգամավորների ներկայացրած առաջարկները:
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանն առաջարկել էր` եթե բուհի խորհուրդը կազմված է 10 անդամից, ապա 1-ը կարող է լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, 20 անդամի դեպքում` 2-ը:
Կառավարության ներկայացրած նախագծի նախնական տարբերակում բացառվում էր, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը ներկայացված լինի բուհի խորհրդի կազմում:
Արարատ Միրզոյանն ի հեճուկս ՀՀԿ-ական Արման Սաղաթելյանի, կարծում է, որ մասնագիտական աջակցությունը բուհին կարելի է ինչ-որ ձեւով եւ ցանկացած պահի անել` առանց խորհրդի անդամ լինելու: Նա կարծում է, որ դա կոռուպցիոն ռիսկերը կպակասեցնի: «Եթե ձեր տարբերակն էլ լինի, միշտ ստվերային բնույթ է կրելու, հիմա ո՞րն է լավ»,- հակադարձեց Արման Սաղաթելյանը`նկատելով, որ Հրայր Թովմասյանի առաջարկի ընդունման դեպքում թափանցիկ մասնակցություն է ապահովվում:
«Այդպիսով` անհրաժեշտ մարդկանց կարող է չկարողանանք խորհրդում ներառել»,- դիտարկումն արեց հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը:
Արարատ Միրզոյանը նեղսրտեց` անիմաստ նստել եւ ժամանակ են վատնում. «Քվեարկեք ու միանգամից ամբողջ փաթեթն անցկացրեք»: Նրա այս դիտարկումը Վարդան Բոստանջյանին վրդովվելու առիթ տվեց. «Արարատ ջան, ուրիշ բաներ չխոսես: Դու մի մտածի, որ մեր հանձնաժողովում մեկը հանկարծ կարող ա իր ուզածն անցկացնի»:
Հրայր Թովմասյանի առաջարկը հանձնաժողովն ընդունեց: «Հրայր Թովմասյանն անցավ»,- հումոր արեց Վարդան Բոստանջյանը: Կարեն Ավագյանն էլ շարունակեց. «Հրայր Թովմասյանը վերջերս ուր ասես անցնում ա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ