Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի սկզբանե բացառված է եղել Արթուր Սարգսյանի մահվան գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը. փաստաբաններ

Մարտ 16,2018 16:23

Ինչպես հայտնի է Արթուր Սարգսյանի` «Հաց բերողի» մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նշանակվել է հանձնաժողովային փորձաքննություն նրա մահվան պատճառները և հարակից հարցեր պարզելու ուղղությամբ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով, հենց բժշկական սխալի փաստի առթիվ, ինչը ուղղակիորեն նշանակում է, որ նախաքննությունը սահմանափակվել է հենց հարուցման փուլում`քննության շրջանակներից դուրս թողնելով հարցերի մի հսկայական խումբ, որոնք վերաբերում են Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորման և պահման պայմանների ազդեցությունը, պատշաճ բուժօգնությունը նրա առողջական վիճակին պատշաճ ուշադրությունն ու հաշվառումը: Այսպիսով, ի սկզբանե բացառված է եղել Արթուր Սարգսյանի մահվան գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը:

Քննիչի որոշմամբ թույլատրվել է Արթուր Սարգսյանի եղբայր, տուժողի իրավահաջորդ ճանաչված Արսեն Սարգսյանի ներկայացուցիչներիս, մասնակցությունը փորձաքննությանը:

Ծանուցվելով 16.10.2017թ. կայանալիք փորձագետների հանձնաժողովի նիստի մասին՝ ներկայացել ենք հանձնաժողովի նիստին և ցանկացել ձայնագրել այն (ինչը թույլատրված է և որևէ օրենսդրական սահմանափակում բացակայում է): Նախ և առաջ մենք խնդրեցինք պարզաբանել նիստի օրակարգն ու ընթացակարգը, ապա, նկատելով, որ ոչ բոլոր փորձագետներին և ոչ բոլոր նյութերն են տրամադրված, բարձրացրեցինք նաև այդ հարցը: Անսպասելիորեն հանձնաժողովում ներգրավված փորձագետներից մեկը իր դժգոհությունը արտահայտեց նիստը ձայնագրելու կապակցությամբ, ինչին, ըստերևույթի կոլեգյալության սկզբունքից ելնելով, որոշեցին միանալ հանձնաժողովի որոշ այլ անդամներ: Այս ամենը կատարվում էր ակադեմիական համարվելուց չափազանց հեռու ոճով և հարձակումների տեսքով,հանձնաժողովի անդամներից մեկը նույնիսկ վիրավորական արտահայտություններ է կատարել Տիգրան Եգորյանի նկատմամբ, այնուհետև փորձագետները պարզապես լքել են նիստը, բոյկոտելով այն, ինչի հետևանքով փորձաքննության այդ փուլը տապալվել է:

Փորձաքննության հաջորդ՝ 06.11.2017թ. նիստի ժամանակ ներկայանալով նիստին մենք արձանագրեցինք, որ փորձագետներն արդեն ձեռնամուխ են եղել փորձագիտական եզրակացության եզրափակիչ մասի կազմմանը, ընդ որում առանց որևէ ընթացակարգի:

Փաստաբաններիս ներկայանալուց հետո հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ հանձնաժողովը չի կարող շարունակել քննարկումը մեր ներկայությամբ, և այդ միտքը զարգացրեց հանձնաժողովի մեկ այլ անդամ, ով կտրականապես դեմ էր արտահայտվում մեր ներկայությանը, թեև մինչ այդ բացարձակ կաշկանդված չէին քննիչի ներկայությունից, սակայն մեր այդ փաստարկի արդյունքում անկողմնակալության շղարշ ստեղծելու համար բարձրացվեց նաև քննիչի ներկայության հարցը: Նշված դեպքից հետո, ինչպես և 16.10.2017թ. նիստի դեպքում, հանձնաժողովի բոլոր անդամները պարզապես լքեցին նիստերի դահլիճը՝ հերթական անգամ տապալելով նիստը:

Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ վերը նկարագրված միջադեպերի ընթացքում հանձնաժողովի անդամներից միայն մի քանիսն են դրսևորել բարձր իրավագիտակցություն և հեղինակավոր կեցվածք, փորձելով քննարկել ստեղծված իրավիճակը և հանձնաժողովի նիստերի ընթացակարգի վերաբերյալ բարձրացված հարցերը, սակայն նրանք ցավոք փոքրամասնություն էին կազմում:

Չափազանց կարևորում ենք նաև ընթացակարգային հարցերի վերաբերյալ հանձնաժողովի անդամների մեծամասնության անտեղյակությունը: Նրանք տեղյակ չէին և չէին կարողանում բացատրել թե ինչ ընթացակարգով են ընդունվելու այս կամ այն մասնագիտական դիրքորոշումները որպես եզրակացություն:Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը համարում էր նաև, որ չպետք է և չի կարող լինել որևէ տարաձայնություն հանձնաժողովի անդամների միջև և./կամ հատուկ կարծիք:

Մինչ օրս վարույթ իրականացնող մարմինը որևէ տեղեկություն չի հայտնել փորձաքննության ընթացքի և հանձնաժողովի հերթական նիստերի մասին: Թեև արդեն երկրորդ նիստի ընթացքում՝ 06.11.2017թ. արձանագրվել էր եզրափակիչ մասի քննարկման փաստը, մինչ օրս փորձաքննությունը փաստորեն առաջ չի շարժվել, կամ այն ուղղակի իրականացվում է առանց մեր մասնակցության՝ խախտելով Արթուր Սարգսյանի մահվան գործով նրա իրավահաջորդի ընթացակարգային իրավունքները:

Հանձնաժողովի անդամների մեծամասնության վարքագիծն ու գործողությունները մեր կողմից գնահատվում են որպես նրանց ակնհայտ անկողմնակալության և անաչառության բացակայության դրսևորում, ինչը կասկածի տակ է դնում սպասվող փորձագիտական եզրակացության արժանահավատությունը

Տիգրան ԵԳՈՐՅԱՆ

Դավիթ ԳՅՈՒՐՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031