Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Շամիրամ գյուղի սգո սրահում 4 եզդիների սպանության գործով հանցագործությունը պարտակելու մեջ մեղադրվող Քյարամ Քալաշյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունը:
Դատարանը նաեւ մերժեց Քյարամ Քալաշյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի միջնորդությունը՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Նա միջնորդել էր նիստը հետաձգել, որ գործի նյութերին ծանոթանա, բայց նիստը նախագահող դատավոր Սուրեն Մնոյանը այդ միջնորդությունը համարեց դատական նիստերն անհարկի ձգելու միտում:
Նախագահող դատավորը նաեւ թույլ չտվեց Գրիգորյանին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, երբ պաշտպանը հայտարարեց, որ կլքի նիստերի դահլիճը, այդ ժամանակ դատավորը նոր միայն թույլատրեց:
Իսկ Կրոմվել Գրիգորյանը հայտարարեց, որ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը կներկայացնի հաջորդ ուրբաթ: Դատական նիստն այսքանով ավարտվեց, հաջորդ նիստը նշանակվեց մարտի 23-ին։
Հիշեցնենք, որ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն, բացի այդ, 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն` որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն:
Թելման Քալաշյանի հորեղբորը՝ Քյարամ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ