Երբ համանախագահներն անցյալ տարի այցելեցին տարածաշրջան, մենք համաձայնության եկանք ակտիվ ձևով շարունակել բանակցությունները ընտրություններից հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նախարարը նշել է, որ նախարարների և նախագահների վերջին հանդիպումներին համանախագահներն առաջ են քաշել կրեատիվ գաղափարներ՝ հարցը մեռյալ կետից շարժելու համար:
«Երկու երկրներում նոր կառավարությունների ձևավորումից հետո մենք կշարունակենք բանակցություններն ինտենսիվ կերպով»,- ասել է նախարարը:
Մամեդյարովը նշել է, որ հնարավոր է, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպվի ընտրություններից հետո:
«Կարծիք է հնչել նախարարների հանդիպում անցկացնել ընտրություններից հետո: Ես հավատում եմ, որ հանդիպում կանցկացվի, բայց թե երբ՝ դեռ վաղ է ասել: Սկզբի համար անհրաժեշտ է ձևավորել կառավարություն»,- ասել է նախարարը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ