Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2017թ. Շամիրամ գյուղի սգո սրահում 4 հոգու սպանության գործով դատական նիստին այսօր հանցագործությունը պարտակելու մեջ մեղադրվող Քյարամ Քալաշյանի պաշտպանը միջնորդեց Քալաշյանի խափանման միջոցը փոխել։
Հիշեցնենք, որ Քյարամ Քալաշյանը սպանության մեջ մեղադրվող Թելման Քալաշյանի ազգականն է, որը սպանությունից հետո վերջինիս իր մեքենայով հեռացրել էր տարածքից: Քյարամ Քալաշյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ իրեն մեղավոր չի ճանաչում:
«Ավելին, Քյարամ Քալաշյանը գովելի արարք է կատարել, եթե նա այդ վայրից չփախցներ Թելման Քալաշյանին, ապա ավելի շատ մարդիկ կմահանային եւ կվիրավորվեին, այնինչ նրա կողմից կանխվել են նման զարգացումները։ Մամե Օզմանյանի գլխավորությամբ, մահացածների հարազատները փնտրում էին Թելմանին, որ սպանեին»,- բացատրեց Քյարամ Քալաշյանի պաշտպանը՝ Կրոմվել Գրիգորյանը։
Նախագահող դատավորի հարցին, թե ինչ կարգավիճակ ունեն ամբաստանյալները, Թելման Քալաշյանը պատասխանեց՝ 5-ամյա կրթություն, 4 երեխաների հայր է, իսկ Քյարամ Քալաշյանը պատասխանեց, որ ունի 3-ամյա կրթություն։
Նախագահող դատավորի մեկ այլ հարցին, թե ամբաստանյալները գիտե՞ն իրենց իրավունքներն ու պարտականությունները, Թելման Քալաշյանը պատասխանեց․ «Դե մենք անգրագետ ժողովուրդ ենք, քցողներին ասեք, իրենք գիտեն»։
Հիշեցնենք, որ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել,, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն, բացի այդ, 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն` որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ