Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների խնդրի լուծման հարցը

Մարտ 16,2018 15:17

Մարտի 16-ին մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանում տեղի ունեցավ «Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների արտափորում, անվտանգ տարհանում, տարածքի մաքրում և կայունացում» նախագծի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) վերաբերյալ 2-րդ հանրային քննարկումը:

Նախաձեռնության հեղինակը «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունն է, իսկ գնահատումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Գեղադիր համայնքի բնակիչներ և այլ շահառուներ:

Միջոցառման նպատակն էր ազդակիր համայնքի բնակիչներին, թաղապետարանի պատասխանատու բաժիններին և խնդրով մտահոգ հասարակական կազմակերպություններին ներկայացնել Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծման նախագիծը:

Նախագծի հիմնական նպատակներն են՝
– գնահատել և ավարտել պեստիցիդների բնապահպանորեն անվտանգ հեռացումը Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքից.
– ապահովել մնացորդային աղտոտվածության և հավանական աղտազերծված հողերի ապահով պարփակումը տեղում.
– վերականգնել տարածքը համաձայնեցված ապագա հողօգտագործման համար պիտանի տեսքով:

Իր խոսքում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Ե. Մանվելյանն ընդգծեց, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծման շուրջ համախմբվել են հանրապետական, տեղական ինքնակառավարման և միջազգային մի շարք կառույցներ՝ պաշտպանելու մարդկանց առողջությունը և շրջակա միջավայրը:

Քննարկման սկզբում ներկայացվեցին ծրագրի տեխնիկական մանրամասները և նախատեսվող քայլերը, որոնցով պլանավորվում է իրականացնել թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ժամանակավոր օժանդակ ենթակառուցվածքների ապահովում, թաղված թափոնի արտափորում, տեղում փաթեթավորում, պիտակավորում և անվտանգ տեղափոխում/տարհանում՝ ոչնչացման նպատակով։

Հանդիպման մասնակիցներին մտահոգում էր արտափորված պեստիցիդների պահպանման և տեղափոխման պայմանները կամ ոչնչացման հնարավոր ռիսկերը: Նախագծի փորձագետները նշեցին, որ արտափորված թունաքիմիկատները փաթեթավորվելու են ՄԱԿ-ի չափանիշներով սահմանված հատուկ անվտանգ տարաներում: Դրանք նախատեսվում է ոչնչացնել արտերկրում՝ բարձր ջերմաստիճանով այրման միջոցով։ Թափոնի տրանսպորտային տեղափոխումը նույնպես ապահովվելու է հատուկ հերմետիկ բեռնափոխադրիչներով՝ միջազգային չափանիշներին համապատասխան:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031