«Առաջիկա յոթ տարիների ընթացքում կենսաթոշակառուների թիվը միտում ունի աճելու. ժողովրդագրական տվյալները դա են ցույց տալիս»,- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը:
Հարցին՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ծերացող երկիր ենք, պարոն Սահակյանը պատասխանեց. «Այո, գնում ենք դեպի ծերացող երկիր: Ժողովրդագրությունն է բայց սա հուշում: Կենսաթոշակառուների թիվը աճման միտում ունի նաև այն պատճառով, որ մեր բնակչությունը 80-90-ականների սկզբին աճ էր գրանցում»:
Պարոն Սահակյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ. մարտի 1-ի դրությամբ ՀՀ-ում կան 446249 կենսաթոշակառուներ և 62915 նպաստառուներ:
Հովհաննես Սահակյանը նաև տեղեկացրեց, որ ուսումնասիրություններ են իրականացրել 26 գործատուների մոտ. «Արդյունքում 690 գործերով նվազեցվել է ոչ հավաստի տվյալներ պարունակող փաստաթղթերի հիման վրա հաշվարկված ընդհանուր թվով 5138 տարվա աշխատանքային ստաժ: Ընդհանուր գումարն է մոտ 54 միլիոն դրամ»:
Հովհաննես Սահակյանը վստահեցրեց՝ կեղծ ստաժով կենսաթոշակ ստանալու դեպքերը կբացառվեն. «Պիտի հասնենք նրան, որ այն քաղաքացիները, որոնք ազնվորեն աշխատում են, ստանան իրենց կենսաթոշակի չափով գումարը, չաշխատածները կեղծիքի միջոցով ավելի գումար չստանան»:
Նա հստակեցրեց՝ այն մարդկանց մասին չէ խոսքը, որոնք աշխատել և հարկադիր պարապուրդի մեջ են եղել, այլ այն մարդկանց մասին, որոնք ակնհայտ կերպով օգտագործելով իրենց ձեռքերում դեռ պահպանվող կնիքները 90-ականների գործարանների՝ լրացնում են աշխատանքային գրքույկներ, ստաժ, տարի, կնքում են և գնում մութ գործարքների: Վաղ թե ուշ դա բացահայտվում է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ