Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքերը շարունակում են ոգեկոչել Հայոց ցեղասպանությունն իրագործած մարդասպանների հիշատակը. Թուրքիայում կոնֆերանս է կազմակերպվել «Հայկական հարցը և գավառապետ Քեմալ բեյը» թեմայով

Մարտ 16,2018 15:07

Թուրքիայում ապրիլ ամսվան ընդառաջ ավելի հաճախակի են դառնում հակահայկական կոնֆերանսներն ու միջոցառումները: Վերջերս այստեղ կոնֆերանս է կազմակերպվել` «Հայկական հարցը և գավառապետ Քեմալ բեյը» թեմայով: Այդ մասին հաղորդում է Akunq.netը` վկայակոչելով թուրքական «Միլիյեթ» պարբերականը:

Աղբյուրի համաձայն` կոնֆերանսին ելույթ է ունեցել Իհսան Քուրթը, որն անգամ խուսափել է մինչև իսկ թուրքական պաշտոնական պատմագրության կողմից ընդունված «տեղահանություն» բառից` Հայոց ցեղասպանությունն անվանելով «տեղափոխում» և պնդելով, թե իբր «աքսոր իմաստով կիրառվող տեղահանություն չի եղել»:

Թուրք «գիտնականը» կրկնել է նաև թուրքական պաշտոնական պատմագրության կեղծ թեզերը, թե «քանի որ այն ժամանակ երկիրը գտնվում էր պատերազմական դրության մեջ, ապա նման դեպքերի կատարվելը միանգամայն բնական էր»:

Անդրադառնալով նաև Յոզղատի փոխկառավարիչ և Բողազլըյանի գավառապետ Քեմալ բեյին` Իհսան Քուրթը պնդել է, թե Քեմալն իբրև թե մահվան է դատապարտվել հայկական քարոզչության հետևանքով:

Հիշեցնենք, որ 1919-1921 թթ. հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով Ստամբուլում հարուցված շուրջ 63 դատական գործերի շարքում առաջինը տեղի է ունեցել հենց Յոզղատի դատավարությունը, որի արդյունքում դատարանը, ունկնդրության արժանացնելով բազմաթիվ թուրք և այլազգի վկաների, մահվան է դատապարտել Քեմալին` տեղի բազմաթիվ հայերի սպանելու` կենտրոնից ստացված հրամանն ի կատար ածելու համար:

Քեմալի մահապատիժն իրականացվել է 1919 թ. ապրիլի 10-ին` Ստամբուլի Բայազետ հրապարակում: Սույն մահապատժից անմիջապես հետո երիտթուրքերը մեծ ցույց են կազմակերպել` հօգուտ Քեմալի հիշատակի և նրան ներկայացրել որպես առաջին «զոհ», ապա մեծ շուքով թաղել նրան, մի բան, որն անթույլատրելի էր նման դատապարտյալների դեպքում:

Իսկ հետագայում արդեն Թուրքիայի Հանրապետությունը ոչ միայն հերոսացրել է Քեմալի նման հայասպաններին, այլև անգամ թոշակ և գույք տրամադրել նրանց ընտանիքներին: Եվ մինչ այժմ Թուրքիայում պարբերաբար կազմակերպվում են նման մարդասպանների հիշատակը ոգեկոչող միջոցառումներ:

Լուսանկարում` Քեմալի դատավարության նիստերից մեկը

Լուսանկարը` Akunq.net-ի

Մելինե Անումյան

Akunq.net

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031