Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կհաստատի վարչապետը. բուռն քննարկումներից հետո ՀՀԿ-ն անդրդվելի մնաց

Մարտ 16,2018 14:29

Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքը եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Պատգամավորների կողմից 7 առաջարկ է արվել: Հարցի հիմնական զեկույցող ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հավաստիացնում է` առաջինից երկրորդ ընթերցում էլի քննարկումներ կլինեն խորհրդարանական ուժերի հետ:

Հանձնաժողովում բուռն քննարկման առարկա դարձավ վիճելի հարցերից մեկը` ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատվում է վարչապետի կողմից: Կառավարությունն այսպես է առաջարկել: Սրա հետ համաձայն չեն «Ելք»-ի անդամները եւ շատ փորձագետներ: Քաղաքական խնդիր են տեսնում: Նախագծի քննարկման խորհրդարանական լսումների ժամանակ շատ խոսվեց այս մասին:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը առաջարկել է, որ խորհրդի կազմը հաստատի լիազոր մարմինը, իսկ լիազոր մարմնի կազմը հաստատի նախարարը: «Մենք երեք տարբերակ ենք առաջարկել` վարչապետը, կառավարությունը կամ նախարարը հաստատի: Կառավարության հաստատելը նպատակահարմար չէ, քանի որ բոլոր գերատեսչությունները պետք է գնան ծանոթանան խորհրդի կազմի հետ եւ այլն: Տիկին Կյուրեղյանի առաջարկը մեզ համար ընդունելի է»,- ասաց նախարարը:

«Եթե օրենքը ամենաբարձր օղակին է թողել այս հարցը, առաջարկում եմ այդպես էլ մնա: Խորհրդի կազմի հաստատելը չիջեցնենք մեկ օղակ ներքեւ: ԿԳՆ-ն այսպես թե այնպես մասնակից է լինելու դրան»,- առարկեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը:

«Ելք» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ կողմնակից է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի առաջարկի հետ: «Վարչապետի հաստատման դեպքում կա քաղաքական ենթատեքստ: Գիտենք, որ զանազան օրենքներով ապագա վարչապետի դերն ավելի բարձրացվում է ամեն մի ոլորտում, ինչը տեղին թե անտեղի ենթադրությունների առիթ է տալիս: Սա հերթական առիթ է ինձ համար կասկածներ ունենալու: Եթե շատ սկզբունքային չի այս հարցը գործադիրի համար, առաջարկում եմ պաշտպանել տիկին Կյուրեղյանի առաջարկը»:

«Հասկանալի է, որ «Ելք»-ը չի սիրում վարչապետի ինստիտուտը. թողեք նախարարը հաստատի խորհրդի անդամներին»,- սա էլ հանձնաժողովի անդամ Վարդան Բոստանջյանի մոտեցումն է:

Կարեն Ավագյանը տարակուսեց` չի կարող մյուս ԲՈՒՀ-երում խորհուրդները հաստատի վարչապետը, իսկ ԵՊՀ-ում նախարարը: «Ելք»-ի մոտեցումն ինքը «անհասկանալի կապրիզ» է որակում: Իր համար ընկալելի կլիներ, եթե բոլոր ԲՈՒՀ-երի մասով առաջարկ ներկայացվեր:

ՀՅԴ-ական պատգամավորի առաջարկը հանձնաժողովում մերժվեց 4 «դեմ», 5 «կողմ» ձայների հարաբերակցությամբ: «Կողմ» էին միայն հանձնաժողովի անդամ ՀՀԿ-ական պատգամավորները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031