Բելգիայի Անտվերպեն քաղաքում գիշերը երկու պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի մամուլը:
Պայթյունների հետևանքով ոչնչացվել է 14 մեքենա, վնասվել են 2 բնակելի տների ճակատային հատվածները: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի Դերն կոմունայում: Ոստիկանները կարծում են, որ պայթյուններն ունեն քրեական բնույթ:
Հինգշաբթի նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել երկրի հարավում, երբ այրել էին մոտ երկու տասնյակ ավտոմեքենա: Անցյալ շաբաթվա ընթացքում նմանատիպ հանցագործություններ են տեղի ունեցել երկրի տարբեր շրջաններում:
Իրավապահները կարծում են, որ միջադեպերը արդյունք են տեղի հանցավոր խմբավորումների միջև պատերազմի՝ կապված թմրանյութերի շուկայում ազդեցությունների գոտիների բաժանման հետ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ