Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Շարմազանովին պետք է մի պարզ հարց տալ, եթե իշխանափոխություն տեղի է ունենում ընտրությունների միջոցով, ինչո՞ւ մինչև հիմա իշխանափոխություն տեղի չի ունեցել Հայաստանում». ԱԺ նախկին փոխնախագահ

Մարտ 16,2018 13:35

«Ավելի վատ մեր երկրում երբևէ չի եղել: Կուզի Շարմազանովը թող սերենադներ երգի Սերժ Սարգսյանի հասցեին, կուզի Աշոտյանը նույնպես միանա այդ երգերին, թող մնացած երիտասարդներն ու ծերերն ասեն, որ նա անփոխարինելի է»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Սուսաննա Մուրադյանը:

Հարցին՝ ինչպե՞ս պետք է լինի իշխանափոխությունը, Սուսաննա Մուրադյանը պատասխանեց. «Քանի այս հանցագործ համակարգը կա, մենք ընտրություններով իշխանափոխության ենք հասնելու: Քանի որ այլ օրինական ռեսուրս երբևէ Սերժ Սարգսյանը չի ունեցել՝ սկսած իր իշխանության գալու օրից առ այսօր, իր կառավարման փիլիսոփայության հիմքում դրել է սուտը, կեղծիքն ու ամեն գնով վերարտադրվելը: Մենք ամեն ինչ անելու ենք, որ խաղաղ իշխանափոխություն լինի»:

Ըստ տիկին Մուրադյանի՝ պիտի ժողովրդական այնպիսի ըմբոստության հնարավորություն ստեղծվի, որի ճնշման տակ իշխանությունները հասկանան, անպայման պետք է պատասխան տան:

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Կարապետ Ռուբինյանը պնդեց, որ երկրում իշխանափոխության սոցիալ- քաղաքական հիմքեր արդեն երկար ժամանակ կան. «Մեր խնդիրն այդ ժողովրդական դժգոհությունը ընդվզման վերածելն է: Մեր երկրում քանի տարի է՝ ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինում, ուրեմն կարող է միայն համաժողովրդական ընդվզման միջոցով դա անել: Առիթ է նաև այն, որ բոլոր ոլորտներում տապալած Սերժ Սարգսյանն ի սկզբանե տասն անմեղ զոհերի գնով եկավ իշխանության: Հիմա որոշել է երրորդ ժամկետն իշխել մեզ, որի համար որևէ հիմք չունի. երկրում դրական որևէ զարգացում չի արձանագրվել, նաև Սերժ Սարգսյանը խոստում է տվել և ըստ էության այդ խոստմամբ ամրապնդել սահմանադրական փոփոխությունները, որոնցով երաշխավորել է երրորդ ժամկետը: Սա խայտառակ ստախոսություն է, որը հիմա փորձում է արդարացնել այն հանցախումբը, որն իր շուրջն է  հավաքել: Սա մեծ քայլ է դեպի ավտորիտար պետություն»:

Անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե իշխանափոխությունը տեղի է ունենում միայն ընտրությունների միջոցով, իսկ առաջիկայում չկա ընտրություն, պարոն Ռուբինյանն ասաց. «Պարոն Շարմազանովին պետք է մի պարզ հարց տալ, եթե իշխանափոխություն տեղի է ունենում ընտրությունների միջոցով, ինչո՞ւ մինչև հիմա իշխանափոխություն տեղի չի ունեցել Հայաստանում: Կհասկանայի սա, եթե Ճապոնիայի պես երկիր լինեինք, լիբերալները կամ ազատականները քսան տարի շարունակ ընտրվեին, քանի որ երկիրն աշխարհի առաջատար երկրների շարքում է: Շարմազանովը չգիտի՞, թե որ երկրում է ապրում»:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Պետրոս Մակեյանը մտահոգություն հայտնեց, որ իրենց հասցեին պիտակավորումներ են հնչում իշխանական ճամբարներից, ինչի նպատակը հակաքարոզչությունն է. «Պիտակավորումներ են անում, թե հին դեմքերով նոր շարժում, թե ուժի կիրառման քարոզչություն են անում: Սա նշանակում է՝ իրենց համար ցավ է, որ հին դեմքերը բռնաճնշումներից հետո ողնաշարը չեն ծռել: Իրենց համար ցանկալի կլիներ լուսավոր ջահելներ ու ԱԺ-ում պուզատի, մեծահարուստ մառազմատիկ դեմքերը»:

Պետրոս Մակեյանը կոչ արեց ժողովրդին դուրս գալ փողոց. «Կա հնարավորություն ապրիլի 9-17-ը ժողովրդին դուրս բերել փողոց: 7 օր թողեք ինտերնետը, սոցցանցերը, եկեք հրապարակ, կանգնենք, պարտադրենք: Հակաքարոզչություն են անում, թե իբր «Սասնա ծռերի» աջակիցն ենք և նույն ոճն ենք որդեգրել: Հիմք են ստեղծում, որ վաղը, երբ ժողովուրդը դուրս գա փողոց, ընդվզի, այս սոուսի տակ պրովոկացիաներ սարքեն ժողովրդի մեջ և անեն մարտի 1, Սարի թաղ»:

Պարոն Մակեյանը տեղեկացրեց, որ սկսել են բանակցել քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որ ապրիլին դուրս գան փողոց: Նրա փոխանցմամբ՝ այսօր ժամը 18.00-ի հանրահավաքին իրենց կմիանան նոր քաղաքացիական նախաձեռնություններ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031