Վանաձորցի Խաչիկ Ափոյանը երկար տարիներ աշխատել է «Լոռու ՃՇՇ» ընկերությունում: Ընտանիքը պահելու համար հոր հետ նույն ընկերությունում են աշխատել նաեւ Խաչիկի 2 տղաները: Սակայն ընկերությունը 2015 թվականից ընտանիքին չի վճարել 1 միլիոն դրամից ավելի գումար. «Մեր անձնական մեքենան էլ է վարձակալել: 2015 թվականից մի ամիս, 2016 թվականից՝ 8 ամիս մեզ գումար չի վճարել»,- դժգոհում է Խաչիկը:
Ասում է՝ բազմաթիվ անգամներ են դիմել ընկերության տնօրենին, սակայն ստացել են բացասական պատասխան: Ափոյանները 2017 թվականի նոյեմբերի 23-ին խնդրով դիմել են նաեւ կառավարության ղեկավարին, ներկայացրել ստեղծված իրավիճակը: Վարչապետի՝ Լոռու մարզպետին վերահասցեագրված պատասխան նամակում նշվել է, որ ընկերության տնօրեն Արայիկ Վարդանյանը պարտավորվում է 2018 թվականի առաջին կիսամյակում վճարել ընտանիքի աշխատավարձը. «Նախորդ ամիս թոռնիկիս վիրահատում էինք, շատ դիմելուց հետո ի վերջը 124 հազար դրամ վճարեց, բայց դեռ 1 մլն 200 հազար դրամ էլ պարտք է: Դրանից հետո էլի եմ դիմել, ասաց, որ այս ամիս չի կարող վճարել»:
Խաչիկը դիմել է նաեւ Լոռու մարզպետին: Քաղաքացիների ընդունելության ժամանակ, վերջինս մարզի ղեկավարին խնդրեց միջնորդել, որպեսզի ընկերությունը վճարի իրենց աշխատավարձի մյուս մասը: Մարզի ղեկավարն ասաց, որ իրենք եւս տեղյակ են խնդրի մասին, եւ հետեւողական. «Մեր պայմանավորվածության համաձայն, ինձ ասել է, որ առաջին կիսամյակում կվճարի, բայց հիմա առաջին կիսամյակից դեռ 3 ամիս էլ կա: Եթե ես նույնիսկ հիմա դիմեմ, ինձ պետք է պատասխանի, որ հիմա ի վիճակի չէ վճարել: Ստիպված կամ պետք է սպասեք, կամ գնաք իր հետ հանդիպեք, ասեք խնդրում եմ մասնակի վճարեք: Մեր հետեւողական լինելուց հետո է ինքը պարտավորվել, որ առաջին կիսամյակում կփորձի վճարում կատարել: Եկեք մի փոքր էլ սպասենք, կզգանք, որ առաջին կիսամյակը մոտենում է ավարտին, նորից կանհանգստացնեմ»,- քաղաքացու խնդրանքին ի պատասխան՝ ասաց Արթուր Նալբանդյանը:
Ափոյանների ընտանիքը բաղկացած է 10 անձից: Ասում է՝ մի կերպ է ընտանիքը գոյատեւում, իսկ բանկերի պարտքերն օրեցօր են ավելանում: Այս ընտանիքը միակը չէ, որ սպասում է իր աշխատավարձին: Ընկերությունը պարտք է մոտ 50 աշխատակցի:
Aravot.am-ը խնդրի վերաբերյալ առաջիկայում կզրուցի նաեւ «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ տնօրեն Արայիկ Վարդանյանի հետ:
Տաթեւիկ Ղազարյան