Նորք Մարաշում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված զինված խմբի գործով այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանն անվրդով խաչբառ էր լրացնում: Նա նիստին եկավ թերթերի տրցակը ձեռքին: Որպես կանոն, Արթուր Վարդանյանը նիստերի ժամանակ անտարբեր նստած իր համար գիրք է կարդում, ժամանակ առ ժամանակ ռեպլիկներ անում:
Երբ միջնորդություն ներկայացվեց ամբաստանյալ ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանի կալանքը փոխելու մասին, Արթուր Վարդանյանը զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը դատավորին խորհուրդ տվեց՝ եթե դատախազը գալու է ու բոլորի համար նույն մեղադրանքն է կարդալու, նույն նախադասություններն է ասելու, թող էլ չգա:
Ավելի ուշ Արթուր Վարդանյանի պաշտպան Սիրանույշ Աղվանյանը միջնորդություն ներկայացրեց՝ անհապաղ ազատ արձակել Արթուր Վարդանյանին, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Փաստաբանն ասաց, որ այն ժամանակ գլխավոր դատախազը եղել է Գեւորգ Կոստանյանը, բայց քրեական հետապնդումը սկսել է իրականացնել նրա տեղակալ Արմեն Հարությունյանը, որի իրավասությունը չուներ, հետեւաբար քրեական հետապնդումն ապօրինի է: Մեղադրող դատախազն ասաց, որ Արմեն Հարությունյանը եղել է գլխավոր դատախազի պաշտոնակատարը, իրավասություն ունեցել է դա անելու: Իսկ փաստաբան Աղվանյանը, որպես հիմնավորում, նշեց, որ այդ ընթացքում Կոստանյանը, որպես գլխավոր դատախազ, հանդիպում է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Ավելի ուշ միջնորդությունը մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Արթուր Վարդանյանը գլուխն անգամ չբարձրացրեց՝ որոշումը լսելու, նա շարունակում է անվրդով խաչբառ լրացնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ