Տարեսկզբին ֆիզիկական անձինք Հայաստանից Ռուսաստան են փոխանցել ավելի քան 28 մլն դոլար։ Նախորդ տարվա համեմատ այս ուղղությամբ ելքերն ավելացել են գրեթե 11,7 միլիոնով։ Աճը գերազանցում է 70 տոկոսը։
Հայաստանից Միացյալ Նահանգներ կատարված փոխանցումներն ավելացել են ավելի քան 2,2 անգամ։ Ընդամենը մեկ տարի առաջ դրանք կազմում էին 5,7 մլն դոլար։ Մինչդեռ ընթացիկ տարեսկզբին հասել են 13,6 միլիոնի։
Արտահոսքի նման կտրուկ ակտիվության հետեւանքով Միացյալ Նահանգների հետ ոչ առեւտրային փոխանցումների հարաբերությունն այլեւս բացասական է։ Այլ կերպ ասած, Հայաստանից ավելի շատ գումար է մտնում ԱՄՆ տնտեսության մեջ, քան հակառակը։
Կենտրոնական բանկի տվյալներով, բանկային համակարգով տարեսկզբին ստացված մուտքերը Միացյալ Նահանգներից եղել են 12,3 մլն դոլար։ Այն 1,3 միլիոնով պակաս է եղել Հայաստանից կատարված փոխանցումներից։ Ի դեպ, դա տեղի է ունեցել այդ երկրից կատարված փոխանցումների աճի պայմաններում։ Հակառակ դեպքում պատկերը շատ ավելի տխուր կլիներ։
Անցած տարվա համեմատ դրական տեղաշարժ է արձանագրվել Միացյալ Նահանգներից ստացված մուտքերի առումով։ Դրանք ավելացել են շուրջ 1,6 մլն դոլարով (գրեթե 15 տոկոսով)։
Տրանսֆերտային ընդհանուր հոսքերի ֆոնին աճի միտումը բարձր է։ Այլ հարց է, որ դա ուղեկցվել է Հայաստանից տեղափոխված գումարների կտրուկ տեղաշարժով՝ հանգեցնելով այդ երկրի հետ առկա տրանսֆերտային հոսքերի բացասական հաշվեկշռի ձեւավորմանը։
Ինտենսիվորեն կրճատվում է ֆիզիկական անձանց փոխանցումների դրական հաշվեկշիռը նաեւ այլ երկրների, այդ թվում՝ տրանսֆերտային հոսքերի հիմնական մատակարար Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Տարեսկզբին Ռուսաստանից մուտքերը 8,2 մլն դոլարով գերազանցել են նախորդ տարվա մակարդակը։ Աճը անցնում է 19 տոկոսից, ինչը վատ ցուցանիշ չէ։ Սակայն նույն ժամանակահատվածում ակտիվությունը շատ ավելին է եղել հակառակ ուղղությամբ։ Արտահոսքը դեպի Ռուսաստան ավելացել է 11,6 մլն դոլարով։ Աճը հասնում է գրեթե 70 տոկոսի։
Ա. Բեգլարյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում