Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Սեֆիլյանի մտադրությունը՝ զորամասի եւ հեռուստաաշտարակի վրա գրոհը չի իրագործվել

Մարտ 16,2018 12:55

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը շարունակեց ներկայացնել պաշտպանական ճառը՝ անդրադառնալով նաեւ Սեֆիլյանին առաջադրված մյուս մեղադրանքին, թե վերջինս մտադրվել է զավթել Երեւանի հեռուստաաշտարակը եւ Էրեբունի համայնքի զորամասերից մեկն ու այդ կերպ պետությանը պահանջներ պարտադրել: Այս մեղադրանքը եւս փաստաբանը շինծու որակեց՝ պնդելով, որ այն հիմնավորված չէ:

«Եթե անգամ ընդունենք, որ մեղադրանքը ճիշտ է, ապա հարց է առաջանում, որի պատասխանը չի տվել մեղադրանքի կողմը՝ ինչո՞ւ գրոհը չի եղել: Վարույթն իրականացնող մարմինը պետք է բացահայտեր հեռուստաաշտարակն ու զորամասը չզավթելու հանգամանքները, բայց դա չի արվել»,-նկատեց Տիգրան Հայրապետյանը: Ըստ նրա՝ մեղադրանքի կողմը նաեւ չի պարզաբանել՝ ի՞նչ է արել Սեֆիլյանը՝ Երեւանի հեռուստաաշտարակը եւ զորամասը գրավելու նախապատրաստության համար. «Եթե չկան նախապատրաստական գործողություններ, չի կարելի անձին մեղադրանք առաջադրել միայն նրա համար, որ նա ինչ-որ մտադրություն ունի՝ որքան էլ անօրինական լինի անձի մտադրությունը»:

Հայրապետյանը նշեց, որ միայն այս մեղադրանքը 17 կետով հասկանալի չէ պաշտպանական կողմի համար: Ապա ընդգծեց, որ դատավարությունն, իր դիտարկմամբ, անցել է օրենքի խախտումներով: «Դատավորն իրավաբանությանն անհայտ նորամուծություններ էր կատարում: Չի կարելի համարել, որ դատարանն այս գործի քննության ժամանակ եղել է անաչառ: Դատավորը բազմիցս խախտել է դատավարության կողմերի իրավունքները»,-համոզմունք հայտնեց Սեֆիլյանի պաշտպանը:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: Սաֆարյանը եւ Սեֆիլյանը մեղադրվում են նաեւ զանգվածային անկարգություններ ծրագրելու մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031