Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կալանք կիրառվեց, որ նրանց մեջ սպանվի հայրենիքը, ըմբոստ ոգին եւ դա մեսիջ լինի ըմբոստ քաղաքացիներին». Նորքի զինված խմբի գործ

Մարտ 16,2018 12:39

Նորք Մարաշում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված զինված խմբի գործով այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ գործով անցնող Հարություն Սարիբեկյանի պաշտպանը՝ Նարինե Ռշտունին միջնորդություն ներկայացրեց փոխել Հարություն Սարիբեկյանի կալանքը: Նա առաջարկեց խափանման միջոցը գրավով փոխել:

Փաստաբանն ասաց, որ Հարություն Սարիբեկյանը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, Արցախյան պատերազմի մասնակից է, ունի երեք երեխա, նրա առողջական վիճակը վերջին ամիսներին վատացել է: Նշեց, որ Հարություն Սարիբեկյանը անկայուն ստենոկարդիա, զարկերակային ճնշում ունի, բազմիցս հոգեբանի, նյարդաբանի, սրտաբանի հետազոտությունների է ենթարկվել, բուժվել:

Հարություն Սարիբեկյանը հայտնել է ՔԿՀ-ին, որ իր առողջական վիճակը վատացել է, կարիք ունի բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում:

Մեղադրող դատախազ Էդգար Արսենյանն առարկեց՝ ասելով, որ Սարիբեկյանը տեւական ժամանակ մասնակցել է Արթուր Վարդանյանի կողմից կազմակերպված հանցավոր խմբի պլանավորված գործողություններին: Հայտնվելով ազատության մեջ՝ կարող է կատարել նոր հանցանք, ազդեցություն ունենալ գործի ընթացքի վրա:

Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն էլ ասաց, որ մեղադրողը ցանկալի կլիներ տիրապետեր ինֆորմացիային:

Նա ասաց, որ քրգործով անցնող բոլոր ամբաստանյալների նկատմամբ ուղղակի պետական լիազոր մարմնի կողմից կալանք կիրառվեց, որ նրանց մեջ սպանվի հայրենիքը, ըմբոստ ոգին եւ դա մեսիջ լինի այն ըմբոստ քաղաքացիների համար, որ եթե ձեր մեջ եւս պայքարելու ցանկություն լինի, կկիրառվի նույնը, ինչ նրանց նկատմամբ է կիրառվում:

Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց. «Միանշանակ համոզված եմ, որ անարդար կերպով են նրանք հայտնվել այս կարգավիճակում եւ համոզված եմ նաեւ, որ այս միջնորդությունը մերժվելու է»:

Ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանն ասաց, որ դատարանի դահլիճի աջ կողմում մարդիկ կան, որոնց ցուցմունքների հիման վրա իրենց կալանքի տակ են պահում, իսկ նրանք կալանքից ազատվել են. «Էս շինծու գործը ե՞րբ պիտի վերանա, մենք այստեղ բոլորս էդ շինծու գործի զոհերն ենք: Մարդիկ կան նույն մեղադրանքով, որոնք դուրսն են, իսկ էն ազատամարտիկ տղերքը, ովքեր կյանք են տվել, էսօր գտնվում են զնդանների մեջ: Վերջապես արդարադատություն պե՞տք է կայանա»:

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն էլ ասաց, որ այն, ինչ դատախազը կարդաց Հարություն Սարիբեկյանի վերաբերյալ, ստանդարտ բոլոր ամբաստանյալների վերաբերյալ գործում կա՝ առանց որեւէ ստորակետի փոփոխության: Այդ թվում՝ նույն մեղադրանքը կա այն ամբաստանյալների մասով, որոնց նկատմամբ կալանք չի կիրառվել. «Նախաքննության ընթացքում որեւէ գործողություն չի կատարվել քննիչների կողմից, ընդամենը մի հոգու տված ցուցմունքների համաձայն այսքան մարդ ձերբակալվել է, ինքն էլ ազատության մեջ է, ու այստեղ գալիս նստում է»:

Ավետիսյանն ասաց, որ Հարություն Սարիբեկյանը պետք է ազատ արձակվի:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Ավելի ուշ մերժվեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031