Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեղծված պայմաններում Կարեն Կարապետյանը շեշտը դնում է գործող կառավարության արդյունավետությունն անընդհատ մատնանշելու վրա. «Իրատես»

Մարտ 16,2018 12:35

Հանրապետականների շրջանակներում ակնկալում են, որ Սերժ Սարգսյանի առաջադրումը ՀՀԿ վերին ատյաններում կիրականացվի հենց Կարեն Կարապետյանի կողմից։ Նա էլ վերջ կդնի բոլոր հարցերին՝ առաջադրելով Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ ՀՀԿ-ում հույս ունեն, որ այս ակցիան կլինի նոր պայմանավորվածությունների շրջանակներում, ընդ որում` չի բացառվում, որ այդ արարողությունը քարոզչամիջոցներով ներկայացվի հանրությանը։ Այսպիսով, հանրապետական կուսակցությանը, չունենալով հանրության վստահությունը վայելող, չվարկաբեկված ռեսուրս, Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու գաղափարը մատուցելու համար, մնում է մեկ տարբերակ. միմյանց ծառայություններ մատուցելով՝ Սերժ Սարգսյանը մատնանշում է գործող կառավարության արդյունավետությունը, իսկ Կարեն Կարապետյանն իր վրա է վերցնում Սերժ Սարգսյանին վարչապետ առաջադրելու ծանր գործը։

Կարեն Կարապետյանի վրա հույս դնելու սցենարը բավականին իրատեսական է, սակայն ակնհայտ է, որ այն հղի է բավականին լուրջ ռեյտինգային ու իմիջային ռիսկերով հենց Կարեն Կարապետյանի համար։

Կան մի քանի պատճառներ։ Կարեն Կարապետյանը, գնալով նման քայլի, իհարկե զգալի պատասխանատվություն է վերցնում ապագա ոչ պոպուլյար վարչապետի համար։ Բացի այդ, նա արդեն սկսում է անմիջապես ասոցացվել ՀՀԿ-ի վերնախավի հետ, ինչը, որքան էլ տարօրինակ է, մինչ այս պահը չի ընկալում հանրությունը։ Դրա ապացույցն են վարկանիշային տվյալները, համաձայն որոնց, գործող վարչապետի վարկանիշը դրական առումով զգալիորեն տարբերվում է իշխանական վերնախավում գտնվող ցանկացած գործչի վարկանիշից։

Ամենառիսկայինն այն է, որ Կարեն Կարապետյանը, մտնելով նման խաղի մեջ, հանրության կողմից կարող է ընկալվել որպես անհույս թույլ կերպար, որն իր հարմարվողական մոտեցումներով ադապտացվում է իրողություններին։ Այս հնարավոր վտանգները, ամենայն հավանականությամբ, վերլուծում, կանխատեսում, հաշվարկում է նաև Կարեն Կարապետյանը։

Եվ ստեղծված պայմաններում Կարեն Կարապետյանը շեշտը դնում է գործող կառավարության արդյունավետությունն անընդհատ մատնանշելու վրա։ Այս համատեքստում ակտիվորեն ներկայացվում են երկրի տնտեսության վիճակագրական բարձր թվերը, հեռանկարները, կազմակերպվում են այցեր մարզեր, որոնց ընթացքում արձանագրվում են ոչ միայն նախորդ 1,5 տարվա գործունեության արդյունքները, այլև ավելի բարձր նշաձող է սահմանվում, խնդիրներ են դրվում մարզային կառույցների առջև։

Ամենայն հավանականությամբ, մինչև նոր կառավարության ձևավորումը դրան է ուղղված լինելու գործող վարչապետի քարոզչական թիմի աշխատանքը։ Բնականաբար, հանրության շրջանում կարող է ձևավորել կայուն կարծիք, թե էֆեկտիվ վարչապետն անարդարացիորեն զոհաբերվում է ի շահ ներիշխանական և ներանձնական նեղ նպատակների։ Միևնույն ժամանակ ամեն ինչ պետք է հուշի իշխանական համակարգին և հանրությանը, որ գործող վարչապետը հետագայում նույնպես լինելու է տնտեսության տերը՝ շարունակելով մնալ իշխանության գլխավոր ժառանգորդի ամենագլխավոր թեկնածուներից մեկը։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031