ՀՀՇ-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանին ինչ աբսուրդ բանի մեջ ասես, որ չեն մեղադրում։ Մինչդեռ այն ժամանակվա մեծագույն սխալներից մեկը Խոսրով Հարությունյանին վարչապետ նշանակելն էր։
Մի բան էլ հիշեցնենք Խոսրով Հարությունյանի կյանքից։ Շատերը դա չգիտեն, մեծ մասն էլ հաստատ մոռացել է։ 1999 թվականին խորհրդարանում քննարկվում էր ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը։
Իշխանությունների ընտրական օրենսգիրքը կազմել ու ներկայացնում էր Վիկտոր Դալլաքյանը, որը հետագայում մի 25- 30 անգամ ընդդիմություն ու իշխանություն դարձավ։ Առաջին ընթերցման ժամանակ պարզ դարձավ, որ իշխանություններին դժվար է լինելու հեշտությամբ անցկացնել իր նախագիծը։
Մի կերպ, զոռով-շառով առաջին ընթերցմամբ անցկացրին։ Երկրորդ ընթերցման ժամանակ, երբ պատգամավորներին են բաժանվում նախագծերի տեքստերը, «Հանրապետություն» դաշինքի պատգամավորները հանկարծ պարզում են, որ առաջին ընթերցմամբ ընդունված եւ երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծերի տեքստերը տարբեր են։ Ու փոխված են հատկապես այն հատվածները, որոնք Քոչարյանը ցանկանում էր կյանքի կոչել։ Պարզվում է, որ Խոսրով Հարությունյանը հրահանգել էր, որ նախագծի տեքստի մեջ գաղտնի փոփոխություններ անեն՝ հույս ունենալով, որ ոչ ոք դա չի նկատի։
Այսօրվա խորհրդարանը լիներ՝ հաստատ ոչ ոք չէր նկատի, բայց «Հանրապետություն» դաշինքի պատգամավորները գրագետ, թրծված, փորձառու մարդիկ էին, որոնք կեղծիքը նկատելով՝ աղմուկ բարձրացրեցին։ Ու Խոսրով Հարությունյանը նույնիսկ չթաքցրեց իր դժգոհությունը, որ իր կատարած կեղծիքը բացահայտվել էր։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում