Մասնագետները պնդում են, որ հանրապետությունում սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը համարվում է սեզոնային բնականոն ընթացք: Բայց ըստ որոշ տեղեկությունների՝ հանրապետությունում, հատկապես Երեւանում, սուր շնչառական վարակները բավական գլուխ են բարձրացրել։ Իսկ հիվանդության աճ արձանագրվել է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում։ Դրանով է բացատրվում Երեւանի մանկական հիվանդանոցների գերծանրաբեոնվածությունը։
Սուր շնչառական հիվանդությունն արտահայտվում է բարձր ջերմությամբ, հազով, երբեմն էլ՝ անգինայով։ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում հատկապես երիտասարդ մայրերից, ովքեր պատմում են, որ սուր շնչառական վարակների ակտիվացման պատճառով իրենք իրենց երեխաներին օրերով չեն ուղարկում մանկապարտեզներ։
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը եղավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անվան բժշկական կենտրոնում եւ զրուցեց մանկական բաժանմունքի վարիչ Անուշ Հակոբյանի հետ։ Նրա խոսքերով՝ հիվանդների վիճակը գնահատվում է թեթեւ եւ միջին ծանրության՝ առողջացման դրական շարժով։ «Հատկապես այս պահին մեզ մոտ բավականին թեթեւացավ, վերջին 2-3 օրվա ընթացքում ահագին դուրսգրումներ եղան։ Կասեմ, որ կա որոշ թեթեւացում նաեւ դիմելիության առումով։ Այս պահին միջին ծանրաբեռնվածություն է։ Ոչ միայն սուր շնչառական վարակներ ունենք, այլ նաեւ տոնզիլիտներ, այսպես ասած՝ անգինա, ջերմող երեխաներ, թոքաբորբով, ստամոքսաղիքային երեւույթներով, ալերգիաներով, միզուղիների վարակով եւ այլն»,- ներկայացրեց մանկական բաժանմունքի վարիչը։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում