Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստը: Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ընթերցում է Սեֆիլյանի պաշտպանական ճառը: Նա նախ անդրադարձավ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքին՝ համոզմունք հայտնելով, որ մեղադրանքից չի երեւում՝ նա ի՞նչ գործողություններ է կատարել, որոնք ներկայացվել են իբրեւ զանգվածային անկարգությունների նախապատրաստում:
«Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքն անհասկանալի է, ուստի պաշտպանի գործը դժվար է: Կարող եք կարեկցել ինձ»,-դիմելով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին՝ ասաց Տիգրան Հայրապետյանը: Ապա նա շեշտեց, որ նշյալ մեղադրանքի հիմքում դրված իրեղեն ապացույցներն են՝ դրոշակի ձողեր, փայտյա ձողեր, ջրատար խողովակներ, փայտյա մահակներ, երկաթի կտորներ: «Այդ իրերի մեծ մասը տարիների վաղեմություն ունի: Որպեսզի ասենք, որ նա հանցագործության նախապատրաստություն է իրականացրել, պետք է փաստել, որ նա դիտավորյալ գործիքներ ու միջոցներ է ձեռք բերել դրա համար: Բայց ինչպե՞ս կարելի է պնդել, թե 5-10 տարվա վաղեմության գործիքները նա պետք է օգտագործեր 2015թ.ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար»,-նկատեց պաշտպանը:
Տիգրան Հայրապետյանը հարցադրում արեց՝ եթե զանգվածային անկարգությունները պետք է զինված դիմադրությամբ կատարվեին, ինչպես մեղադրանքում է նշված, ապա մահակներն ի՞նչ կապ ունեին դրա հետ. «Կիսագրագետ մարդու համար էլ պարզ է, որ փայտյա մահակով հնարավոր չէ կրակել»: Փաստաբանը մեկ այլ հարցադրում արեց՝ ինչպե՞ս կարող էին վեց տարի առաջ ձեռք բերված շինարարական «կասկաներն» օգտագործվել 2015թ. զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
Հայրապետյանը հեգնեց. «Այս գործով դատաքննությունը ծիծաղաշարժ մթնոլորտում էր անցնում, թեեւ դատավորի եւ դատախազների կեցվածքը բավականին լուրջ է եղել: Մեկ զավեշտալի փաստ նշեմ: Դրոշակների ռետինե բռնակները 50-70 գրամ են. ինչպե՞ս պետք է դրանցով ինչ-որ մեկին վնաս տրվեր, կամ մեքենայի ապակի կոտրվեր: Նշյալ իրեղեն ապացույցները չեն հիմնավորում Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը: Մեղադրանքը շինծու է, անհիմն ու անհեթեթ: Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ է, նրա գործունեությունը ցանկացել են սահմանափակել»:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: Սաֆարյանը եւ Սեֆիլյանը մեղադրվում են նաեւ զանգվածային անկարգություններ ծրագրելու մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ