Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 2:0 հաշվով «Միլանին» հաղթելուց հետո Լոնդոնի «Արսենալը» երեկ պատասխան հանդիպումում ընդունեց իտալական ակումբին:
Կասկած չկար, որ մրցակիցը Լոնդոն ժամանել էր տանը կրած պարտության համար վրեժխնդիր լինելու նպատակով ու մի պահ թվաց, թե դա նրան կհաջողվի, երբ 35-րդ րոպեին հյուրերը հաշվի մեջ առաջ անցան: Սակայն չորս րոպե անց դաշտի տերերը 11 մետրանոցով վերականգնեցին հավասարակշռությունը, իսկ 71-րդ եւ 86-րդ րոպեներին խաղի վերջնական հաշիվը դարձրին 3:1 ու անցան ԵԼ քառորդ եզրափակիչ:
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ «Արսենալի» մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 69-րդ րոպեին:
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում են. «Արսենալ» (Անգլիա), «Ատլետիկո» (Իսպանիա), «Ռեդ Բուլ Զալցբուրգ» (Ավստրիա), «Լացիո» (Իտալիա), «Մարսել» (Ֆրանսիա), «Լեյպցիգ» (Գերմանիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա). ԲԿՄԱ (Ռուսաստան):
Քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա այսօր: Զույգերի առաջին հանդիպումը ապրիլի 5-ին է, պատասխան խաղը՝ ապրիլի 12-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ