Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարում ջրերի սպասվող աղտոտման մասին Լիդիանի սխալ և անհիմն պնդումներին ի պատասխան․ ՀԲՃ

Մարտ 16,2018 10:26

Գիտությունների դոկտորներ Անն Մաեստի, Անդրեա Գերսոնի և Ռոջեր Սմարթի կողմից 2018թ. փետրվարի 13-ին հրապարակվել են երկու հուշագրեր (1, 2), որոնք պատասխանում են Լիդիանի փորձագետ Լարրի Բրեքենրիջի ս․թ․ հունվարին արված հայտարարություններին:

Հատկապես միջազգայնորեն ճանաչված երկրաքիմիկոս դոկտոր Անն Մաեստի հրապարակած անգլերեն հուշագիրը վերջնականապես վկայում և ապացուցում է Ամուլսարում արտադրվող թթվային դրենաժի բարձր մակարդակը: Օգտագործելով «Թթվայնացման կանխարգելման միջազգային ցանցի» (INAP) «Թթվային ապարների դրենաժի համաշխարհային ուղեցույցի» (GARD Guide) առաջարկած մոտեցումները և հիմնվելով Լիդիանի փաստաթղթերի ու տվյալների վրա՝ մեկ անգամ ևս հաստատվում է, որ Ամուլսարում գրեթե ամբողջ հանքաքարը և թափոնների վերլուծված նմուշները պոտենցիալ թթվագոյացնող են։ Սրանով վերջնականապես ջախջախվում են Լիդիանի փորձագետ, բնապահպանական ճարտարագետ Լարրի Բրեքենրիջի այն պնդումները, թե «հանքաքարը լիովին օքսիդացված է, իսկ դատարկ ապարների միայն մի մասն է պոտենցիալ թթվագոյացնող», և որ «հանքաքարում թթվային դրենաժի ռիսկ չկա»։

Ներկայացնում ենք դոկտոր Անն Մաեստի հուշագրի ամփոփման թարգմանությունը․

«Ամփոփում
Այս հուշագիրը արձագանքում է Global Resource Engineering (GRE) ընկերության ինժեներ Լարրի Բրեքենրիջի կողմից արված հայտարարություններին` կապված Ամուլսարի ոսկու ծրագրի հետևանքով աղտոտման արտադրողական բնութագրերի հետ:

Լարրի Բրեքենրիջը պնդում է, որ Ամուլսարի հանքավայրը թթվագոյացնող չէ, իսկ դատարկ ապարների լցակույտի թափոնների միայն մի մասն է թթու առաջացնող: Այս հայտարարությունները չեն համապատասխանում անգամ Լիդիանի կողմից արված սեփական հետազոտությունների արդյունքներին և անտեսում են այն​​ փաստը, որ բացահանքերի երկրաբանական բարդությունների պատճառով՝ դժվար է թափոնները հաջողությամբ բաժանել հանքաքարից:

Լիդիանը նշում է, որ պարոն Բրեքենրիջը անկախ փորձագետ է, սակայն նրա ընկերությունը՝ GRE-ն, բազմաթիվ տեխնիկական ուսումնասիրություններ և հաշվետվություններ է ներկայացրել Լիդիանի և Ամուլսարի նախագծի համար։

Լիդիանը թերագնահատել է Ամուլսարի հանքաքարի և թափոնների թթվագոյացման պոտենցիալի ներուժը, քանի որ կիրառել է հնացած մասնագիտական մոտեցում, որը չի առաջարկվում GARD Guide-ի կողմից, որոնք Լիդիանն իր փաստաթղթերում շարունակաբար մեջբերում է և ասում, որ հետևում է դրանց: Օգտագործելով GARD Guide-ի առաջարկած միջազգային մոտեցումը՝ ստացվում է, որ գրեթե ամբողջ հանքաքարը և վերլուծված թափոնների նմուշները պոտենցիալ թթվագոյացնող են:

Լիդիանի մեղմացման միջոցառումները թթվագոյացումը կանխելու կամ նվազեցնելու համար հիմնված են հանքաքարի և թափոնների թթուների արտազատման ու աղտոտման պոտենցիալների վերաբերյալ սեփական սխալ եզրակացությունների վրա:

Պարոն Բրեքենրիջի հայտարարությունները ցածր թթվագոյացման պոտենցիալի մասին անտեսում կամ չեն հիշատակում հանքավայրի աղտոտող բաղադրիչների ներհոսքը դեպի մոտակա ջրահոսքերն ու ստորերկրյա ջրերը: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Ամուլսարում թափոնների լցակույտից և բացահանքերից արտահոսող ջրերը պարունակելու են մետաղների, սուլֆատի և նիտրատի ավելի բարձր կոնցենտրացիաներ քան Հայաստանի ջրի որակի չափանիշներն են։ Դա տեղի է ունենալու ինչպես շահագործման ընթացքում, այնպես էլ դրանից շատ տարիներ անց: Ջրային հոսքերի մոտիկությունը ենթադրում է, որ աղտոտող նյութերն արագորեն կհասնեն մակերևութային ջրերին և աղբյուրներին:

Հաշվի առնելով Ամուլսարի թափոնների և հանքաքարի արտազատման խոշոր ներուժը, աղտոտող նյութերը և այդ փաստի գնահատման բացակայությունը հանքավայրի շահագործման նախագծերի մեջ՝ դատարկ ապարների լցակույտը և կույտային տարրալվացման հարթակը պետք է ամբողջովին վերանախագծվեն` լավագույն փորձի կիրառմամբ: Բացի դրանից, այդ օբյեկտները պետք է ավելի հեռու տեղադրվեն ջրային հոսքերից և ավելի մոտիկ հանքափոսերին»:

Հիշեցնենք, որ 2017թ․ հունիս ամսից առ այսօր չորս միջազգային փորձագետներ Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից ներկայացրել են թվով 11 հաշվետվություններ և հուշագրեր, որոնցում գիտականորեն հիմնավորված ներկայացված են Լիդիանի փաստաթղթերում, ռիսկերի գնահատումներում և կառավարման պլաններում առկա բազմաթիվ թերություններ, բացթողումներ, միջազգային չափանիշներով անընդունելի մեթոդների կիրառման դեպքեր, հետազոտված նմուշների անբավարար քանակներ, սխալ եզրահանգումներ և ենթադրություններ, ընդհանրապես չգնահատված կամ նվազեցված ռիսկեր, ընկերության պատասխանատվության մեխանիզմների բացակայություն և այլ լրջագույն խնդիրներ։ Դրանցում նրանք պատասխանել են նաև այս ընթացքում Լիդիանի ներկայացրած բոլոր պատասխան հիմնավորումներին և սխալ եզրահանգումներին։ Պարզվել է, որ Ամուլսարի դեպքում 600-700 միլիոն ԱՄՆ դոլար հարկավոր կլինի միայն հանքի թթվային ապարների դարավոր դրենաժի հետևանքով աղտոտված ջրերի մաքրման համար։

Պարզվել է նաև, որ Լիդիանին դեռ անհրաժեշտ է կատարել մոտ երեք տասնյակ հանձնարարականներ և ուսումնասիրություններ, որոնցից մի մասը խոշոր են, խիստ ծախսատար և երկարաժամկետ։ Դրանք վերաբերում են կույտային տարրալվացման հարթակը աշխատանքային պլանով նախատեսված մակարդակին հասցնելուն, դատարկ ապարների լցակույտի աշխատանքային պլանին, երկրաքիմիական բնութագիրը և թթվային ապարների դրենաժի կառավարումը աշխատանքային պլանով նախատեսված մակարդակին հասցնելուն, աղտոտվող ջրերի վնասազերծման համակարգերին և ջրային հաշվեկշռի համար կիրառված կանխատեսելի մոդելներին։

Բոլոր չորս գիտնականները եկել էին հետևյալ միասնական եզրահանգմանը

«Լիդիանի ներկայացրած Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը չունի պատշաճ բնապահպանական գնահատական, իսկ երկարատև թթվագոյացումը սպառնում է ջրի որակին։ Ընդհանուր խորհուրդն այն է, որ հանքարդյունաբերությունը չպետք է սկսվի նախքան բնապահպանական չլուծված հարցերը պատշաճ կերպով չուսումնասիրվեն անկախ մարմինների/խորհրդատուների կողմից: Նրանց բացահայտած թերությունները պետք է ներառվեն թթվային և հանքաբեր ապարների դրենաժի (ԹՀԱԴ) կառավարման պլանում, որը ներառում և հստակեցնում է թե՛ կառավարության, թե՛ ընկերության պատասխանատվությունները և պարտավորությունները»։

Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ՀՀ նախորդ կառավարությունը թույլատրել այս աղետալի ծրագրի իրագործումը, և ինչո՞ւ է ներկա կառավարությունն անտեսում հայկական և միջազգային գիտնականների անհերքելի փաստարկներն ու շարունակում ամեն կերպ աջակցել Լիդիանին։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031