«Երկիր ծիրանի»-ն ցանկանում է «Մարտի 1»-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կառուցել: Ընդհանուր առմամբ վատ գաղափար չէ, բայց պետք է նախ որոշել այդ հուշարձանի հայեցակարգը, այսպես ասած՝ գաղափարախոսությունը: Հուշարձանը կառուցելու անհրաժեշտության հիմնավորման մեջ «Ծիրանին» հիշեցնում է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, եւ որ ժամանակին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ասել է՝ «հարյուր տոկոս էլ հավաքեք, միեւնույն է՝ իշխանությունը չեն տա»: Այդ հիմնավորումն առաջացրել է «Հանրապետություն» կուսակցության գործիչներից մեկի ցասումը, որի կարծիքով՝ եթե Զարուհի Փոստանջյանը նման բան է ասում, ուրեմն նա դրանով ուզում է մաքրել «Մարտի 1-ի» խարանը Ռոբերտ Քոչարյանի վրայից:
Մեկը մյուսից կարծես թե առանձնապես չի բխում, բայց այստեղ աչքի է զարնում, որ հուշարձանի հիմքում սխալ հայեցակարգ է դրված՝ հայեցակարգ, որը հիմնված է իրար մեղադրելու, կշտամբելու վրա: Եթե առաջին իսկ նախադասությունից սուր բանավեճ է առաջանում՝ «դավադրության տեսության» տարրերով, ուրեմն այդ հայեցակարգն անպետք է:
Նիկոլ Փաշինյանը մեղադրում է Քոչարյանին, երկրորդ նախագահն էլ (Վիկտոր Սողոմոնյանի շուրթերով) պատասխան մեղադրանք է ուղղում Փաշինյանի հասցեին՝ «անկարգությունների սադրիչ»: Նման տրամադրություններով ոչինչ չի ստացվի: Իսկ ո՞ր դեպքում է կառուցվելու այդ հուշարձանը, եթե դրա տակ հասկանանք ոչ թե քարի կտոր, այլ մեր նորագույն պատմության այս ամոթալի էջը շրջող եւ դեպի ապագա դուռ բացող մի կառույց: Հասկանում եմ, որ իմ պատասխանը շատ-շատերին դուր չի գա, բայց ինձ թվում է՝ դա տեղի կունենա այն դեպքում, երբ կողմերն ընդունեն իրենց պատասխանատվության չափը եւ դադարեն իրար մեղադրելուց:
Խոսքն, իհարկե, քրեական գործընթացի մասին չէ (հանցագործություն կատարածները, միեւնույն է, պետք է պատժվեն), այլ քաղաքական որոշման, որը պետք է ընդունեն բոլոր նախկին եւ ներկա իշխանությունները, ինչպես նաեւ բոլոր նախկին ու ներկա ընդդիմությունները: Նրանց սուր բանավեճը եւ անզիջում պայքարը պետք է շարունակվի, բայց նրանք չպիտի դարձնեն «Մարտի 1-ը» եւ մարդկային կորուստները հասարակությունը պառակտելու, իրար բարոյապես ոչնչացնելու հարթակ: Հասարակության մեջ ներարկելով բթամիտ անհանդուրժողականության թույնը՝ մեր քաղաքական վերնախավը խրախուսում է ապակառուցողական բնազդները:
…Վերջերս ինձ փողոցում «բռնացրեց» հերթական բողոքող քաղաքացին: Նրա կցկտուր բացականչություններից ես հասկացա, որ նա բողոքում է հիմնականում… Լեւոն Տեր-Պետրոսյանից: Երբ ես խնդրեցի կոնկրետացնել իր դժգոհությունը 20 տարի առաջ իշխանությունից հեռացած նախագահից, պարզվեց, որ առաջին նախագահի գլխավոր մեղքն այն է, որ նրա կինը հրեա է, իսկ հրեաները, ըստ իմ զրուցակցի, շահագրգռված են Հայաստանը քանդելու մեջ: Այդպիսի ողբալի մտավոր մակարդակով ոչ մի հուշարձան եւ, կարեւորը, ոչ մի պետություն չի կառուցվի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արձան տեղադրելը դարձել է մոլուցք: Հայաստանում ամէն քայլափոխի արձան, յուշարձան, յուշատախտակ ու խաչքար է:
Քանի որ հայաստանցիները քիչ են ճամփորդում, նրանք պատկերացում չունեն, որ քաղաքակիրթ աշխարհում առնուազն 50 տարի կը լինի, որ այլեւս արձան չեն տեղադրում: Ասենք՝ թուրը ձեռքին ձիաւոր 🙂
Մարտի 1-ը մեր պատմութիւնն է: Դա մոռանալ հնարաւոր չէ: Մարտի մէկի դէպքերի վայրում մի փոքր յուշաքար (կամ յուշատախտակ) տեղադրէք, վերջացրէք: Հո հայոց հարցը չէ՞ 🙂
Յ.Գ. Ինչ վերաբերում է վերջին պարբերութեանը. այո՛ ողբալի երեւոյթ է, ԲԱՅՑ իրականութիւն է: ԲԱԶՄահազար հայեր (հոգու խորքում) այդպէս են մտածում: Գարդասիլի արեւ, ճիշտ եմ ասում 🙂
Սրանից հետո բոլոր մեծ մտքերը գրական հայերենով եմ գրելու: Դա էլ հուշատախտակ է: Ասենք նվիրված մեծն Մաշտոցին: